Համաներման քայլն իշխանությունները կատարում են ոչ թե մարդասիրությունից դրդված, այլ դրսի ճնշումներին տեղի տալով։ Մայիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը։

«Համաներումը պետք է դիտել ընդհանուր համատեքստի մեջ։ Այն էական ոչ մի խնդիր չի լուծում։ Արդյոք համաներումը նպաստո՞ւմ է նրան, որպեսզի հետագայում եւս մարդիկ իրենց քաղաքական կամ այլ հայացքների համար չդատապարտվեն, կեղծ ցուցմունքներ տված ոստիկաններն ու անարդար դատավճիռ կայացրած դատավորները պատժվեն։ Իհարկե, ոչ։ Այս համաներումն ուղղակի մի քանի ընտանիքներում ուրախության տոն կլինի, եւ վերջ»,- նկատեց Իգիթյանը։

Նրա խոսքով, համաներման, մարտի 1-ի բացահայտման, քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին հայտարարելով՝ իշխանությունները փորձում են  ցույց տալ Արեւմուտքին, որ երկրում բարեփոխումներ են կատարվում, սակայն իրականում ամեն բան արվում է «կիսատ-պռատ»։

Ամփոփելով՝ ՀՀՇ վարչության անդամը համոզմունք հայտնեց, որ համաներում  հայտարարելու պատճառն ի սկզբանե եղել է քաղբանտարկյալներից ազատվելը։ «Իշխանությունները նույնիսկ օրենքի խախտումով կգտնեն այն ճանապարհը, որով քաղաքական հայացքների համար դատապարտած մարդիկ ազատ կարձակվեն։ Այդ մարդիկ իշխանությունների համար մի տեսակ գլխացավանք են, որից պետք է ազատվել»,- նկատեց Իգիթյանը։  

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին` համաներում հայտարարելու առաջարկով, որն արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից:

Ըստ համաներման, լրիվ կազատվի 396 դատապարտյալ, 379-ի նկատմամբ պատժի կիրառումը մասամբ կնվազի, նախնական կալանքի տակ գտնվողներից 153 մարդ կազատվի, 195-ի նկատմամբ մասամբ կկիրառվի: Ըստ այդմ, ենթադրվում է, որ ազատ կարձակվեն 2008-ի մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալները, այդ թվում, Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Համաներումը 9-րդն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում: