Սփյուռքի բոլոր հատվածների համար էլ տարօրինակ եւ անակընկալ էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այդ արձանագրությունների հայտարարումը: Այդ մասին հայտարարել է Լիբանանում հրատարակվող «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Լիբանանի շրջանի վարիչ մարմնի անդամ Ահարոն Շխրդումյանը՝ հոկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
«Բնականաբար, որովհետեւ թուրքը կմնա ցեղասպան ու մինչեւ օրս որեւէ ձեւով ցեղասպանության հանցանքը ճանաչելու, որեւէ զիջում կատարելու պատրաստակամություն չի դրսեւորել: Ընդհակառակը` դեռ մի բան էլ սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը»,- մանրամասնել է Շխրդումյանը:
Վերջինս նաեւ նկատել է, թե"հիմա, եթե Հայաստանի առաջին դեմքը երաշխավորում է, որ Հայաստանը չպետք է գնա միակողմանի զիջումների, որ հայ-թուրքական հարաբերությունները չպիտի լինեն ի վնաս Լեռնային Ղարաբաղի ինքնավարության, կամ ի վնաս Հայոց ցեղասպանության ճանաչման ու հողային պահանջատիրության, մենք այդ նախագահի խոսքը համարում են որպես հավաստի երաշխիք ու մաղթում, որ Հայաստանի նախագահն իր աշխատանքները եւս ապագայում շարունակի":




























