Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակշվիլին, բացելով անկախության օրվան նվիրված ռազմական շքերթը, հայտարարել է, թե վրացական ընդդիմության նպատակն էր խափանել ռազմական շքերթը, ապակայունացնել իրավիճակը երկրում: Վրաստանի նախագահի խոսքով, ցուցարարները գործել են արտերկրում գրած սցենարով:

«Նրանք խոսքի ազատություն չէին ուզում, այլ բռնություններ եւ զոհեր: Երբ երեկոյան չկարողացան հասնել նրան, որ անհրաժեշտ զոհեր ստանան, իրենց առաջնորդները փախուստի դիմեցին` ճանապարհին վրաերթի ենթարկելով երկու մարդու»,- Սահակաշվիլիին մեջբերել է «Ինտերֆաքսը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի իշխանությունները մայիսի 26-ի գիշերը դաժանաբար ցրել են ընդդիմության խաղաղ ակցիան: Վերջին տվյալներով, սպանվել է երկու ոստիկան, հաղորդվում է ցուցարարներից մեկի մահվան մասին:

Այսօր առավոտյան Ռուսթավելիի պողոտայում սկսվել է տոնական ռազմական շքերթը: