Անշուշտ, իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսություն կա: Այդ մասին այսօր` մայիսի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով, ֆորմալ բանակցությունների դեպքում պետք է արդյունք լիներ, իսկ այս դեպքում գործ ունենք երկխոսության հետ, եւ իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ գործողությունների համաձայնեցում կա:
«Անխոս, իշխանություններն արձագանքում են ՀԱԿ-ի գործողություններին, իսկ ՀԱԿ-ն իր հերթին արձագանքում է իշխանության գործողություններին: Ես դա կանվանեի խորհրդարանական ընտրարշավի համար ավելի կամ պակաս ընդունելի կանոնների մշակման փորձ: Եւ դա մրցակցություն է, որ մրցակցություն էլ մնալու է: Եթե երկխոսությունը հաջողվի, կանոններով պայքար կլինի, ինչը դրական գործոն է քաղաքական համակարգի համար»,- ասել է քաղաքագետը:
Իսկանդարյանը քաղաքական հռետորաբանություն է համարել ՀԱԿ-ի հայտարարությունները, թե իշխանությունը զիջել է դիրքերը, նաեւ իշխանությունների պնդումը, որ արտախորհրդարանական ընդդիմությանն ուշադրություն չեն դարձնում:




























