Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում 46-ամյա զարմիկը դանակահարել ու սպանել է հարազատ հորաքրոջը:

Այս դեպքի կապակցությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչի հետ այցելել են Շիրակի մարզի Հովտաշեն գյուղ:

Ինչպես NEWS.am-ին Արթիկից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ոստիկանության Արթիկի բաժին է մեղայականով ներկայացել 46-ամյա Դավիթ Խաչատրյանը: Նա ոստիկանների ուղեկցությամբ այցելել է Հովտաշեն գյուղի բնակիչներից մեկի տուն, որտեղ հայտնաբերվել էր սպանված տարեց մի կին:

Նշված տան հարեւանությամբ ապրող բնակիչները հայտնել են, որ տարեց կինը քնած է եղել, երբ Դավիթ Խաչատրյանը դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրան:

Սպանվածը 87-ամյա Սեդա Խաչատրյանն է, ով մարդասպան Դավիթ Խաչատրյանի հորաքույրն է:

Հարեւանները նշել են նաեւ, որ Դավիթ Խաչատրյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն դա վերջնականապես կպարզի դատահոգեբուժական փորձաքննությունը:

Դավիթը հարազատ հորաքրոջը դանակով մի քանի անգամ հարվածել է ձախ քունքի շրջանում: Ոստիկանությունն առգրավել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը` կոտրված շեղբով:

Դեպքի վայրում ոստիկանության պատասխանատուները հայտնել են, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքու հարուցվել է  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):

Հովտաշեն է հրավիրվել դատաբժիշկը, որպեսզի զննի սպանվածի դին:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի