Անընդունելի են այն երեւույթները, երբ ձեռներեցը նստում ու երկար-բարակ մտածում ու մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար, կամ չարաշահում է իր գերիշխող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար: Ելույթ ունենալով ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարում` նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հատկապես անհասկանալի համարեց նման վարքը խոշոր տնտեսվարողների դեպքում, որոնք առանց այդ էլ իրենց չափերի ու շրջանառության շնորհիվ առավելություն ունեն:
«Չվճարված հարկերը մեր կրթության ու առողջապահության բնագավառից գողացված գումարներն են, հետեւաբար` հարված մեր ժողովրդի ապագային: Ի վերջո` երկարաժամկետ առումով դա հարված է հենց այդ ձեռնարկությունների ապագային»,- ասաց Ս. Սարգսյանը` գործարարներին կոչ անելով նման երեւույթների դեմ պայքարում լինել կառավարության կողքին:




























