«Հայ-թուրքական հարաբերություններում եւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը այլեւս կողմ չի հանդիսանում այլ ընդամենը Հայաստանին թելադրում են, թե ինչ պետք է անի եւ ժամանակցույց են հրամցնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, ՀԱԿ-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանն ու հավելեց, որ անգամ երկկողմ հարաբերություններում Հայաստանը չէ այլեւս, որ որոշումներ է կայացնում:

«Սրա հիմնական պատճառներից մեկն անշուշտ Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանություններն են, որոնք չոնենալով ոչ արտաքին, ոչ ներքին լեգիտիմություն, ստիպված են գնալու այնպիսի քայլերի, որոնք ցասում են առաջացնում թե ՀՀ ներսում, թե Սփյուռքում: Դա է պատճառը, որ ՀԱԿ-ը եւ մի շարք այլ կազմակերպություններ պահանջում են Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, դա տեսնելով որպես միակ ճանապարհ հետ հանգնելու այս իրավիճակից, Հայաստանը վերադարձնելու ժողովրդավարական ուղի, վերականգնելու ՀՀ-ում սահմանադրական կարգը, ձեւավորելու ժողովրդի կամքով լեգիտիմ իշխանություն, որն այսքան թույլ չի լինի եւ ստիպված չի լինի ճնշումների ենթարկվել»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ասում է, որ եթե անգամ պահանջեն նախագահի հրժարականը, մեկ է, նա հրաժարական չի տալու եւ պետք է հասնել նրան, որ նա հետ կանգի արձանագրությունների ստորագրումից, Ա. Արզումանյանն արձագանքեց. «Այդ ձեւակերպումն անընդունելի է: Դա նույնն է, եթե ասեք, որ մարդիկ 60-ականներից ի վեր չպետք է անկախության համար պայքարեին, որովհետեւ անիմաստ էր եւ ԽՍՀՄ-ի նման իմպերիան դա թույլ չէր տա: Սա պարտվողական, պասիվ կրավորական եւ անընդունելի դիրքորոշում է: Իսկ պահանջել մեկ այլ պաշտոնյայի հրաժարական (Էդվարդ Նալբանդյանի), ով այս հարցում ոչ մի բան չի որոշում, նույն հաջողությամբ կարող էին պահանջել գյուղատնտեսության նախարարի հրաժարականը: Դա նույն ազդեցությունը կունենար արձանագրությունների ստորագրման վրա, ինչպես Էդիկ Նալբանդյանի հրաժարականը: Ի վերջո, նա ունի տեղակալներ, որոնցից ցանկացածը կարող է մեկնել Ցյուրիխ եւ ստորագրել այդ արձանագրությունները»: