Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից այսօր` մայիսի 26-ին ընդունված համաներման մասին որոշումը: Այսկերպ, արդեն 24 ժամ անց համաներումը կմտնի ուժի մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համաներման մասին որոշումն ԱԺ-ում ընդունվել է 91 կողմ, 1 ձեռնպահ եւ 0 դեմ ձայներով:
Մայիսի 25-ին ԱԺ-ում Համաներման խնդրի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ամբիոնից հայտարարել է, թե այս համաներումը տարբերվում է նախորդ` 2009թ. հայտարարված համաներումից նրանով, որ համաներման ենթակա հանցագործությունների ցանկը մեծացել է: Բացի դրանից մինչեւ 10 տարի ազատազրկման ենթարկվածների նկատմամբ կկիրառվի պատժաչափի կրճատում:
Լրիվ կազատվի 396 դատապարտյալ, 379-ի նկատմամբ պատժի կիրառումը մասամբ կնվազի, նախնական կալանքի տակ գտնվողներից 153 մարդ կազատվի, 195-ի նկատմամբ մասամբ կկիրառվի:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ համաներումը կտարածվի 2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտված քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի վրա։ Համաներումը 9-րդն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում:




























