Մոսկվայի քաղաքային դատարանը երդվյալ ատենակալների կոլեգիայի այսօրվա նիստում երկու սպանության ու երկու մահափորձի կատարման մեղավոր է ճանաչել չորս սափրագլուխների, որոնք ընդգրկված են եղել Արթուր Ռինոյի ու Պավել Սկաչեւսկու հայտնի խմբավորման մեջ։
Միաժամանակ ազգային ատելության ու թշնամանքի հրահրման մեջ մեղադրվող 19-21 տարեկան երիտասարդները արդարացվել են, քանի որ ատենալակների կոլեգիան, ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ապացույցները բավարար չհամարեց։
Մինչդեռ, ըստ դատախազության վարկածի, կովկասցիների ու միջին ասիացիների սպանությունները կատարվել են ոչ սլավոնական ծագման անձանց նկատմամբ ատելության պատճառով։ Ինչպես հաղորդում է «Վեստին», մեղադրյալի աթոռին են 19-ամյա Ալեքսանդր Տրեպալինն ու Սերգեյ Կուդաշկինը, ինչպես նաեւ 21-ամյա Ալեքսեյ Ավդեեւն ու 20-ամյա Վալենտին Տումաեւը, որոնք 2007 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Մոսկվայում կատարել են երկու սպանություն ու երկու մահափորձ։
Ընդ որում, մեղադրյալներ Վալենտին Տումաեւին ու Ավեքսեյ Ավդեեւին ատենակալները ներողամտության արժանի համարեցին։ Այսպիսով, նրանց պատիժն ավելի մեղմ կլինի, քան նախատեսում է ՌԴ ՔՕ-ի նրանց նկատմամբ կիրառված հոդվածը։
Հարկ է նշել, որ Արթուր Ռինոյի ու Պավել Սկաչեւսկու ազգայնամոլական խմբավորմանը վերագրվում է ընդհանուր առմամբ ավելի քան 20 սպանություն ու 12 մահափորձ, անցյալ տարվա դեկտեմբերին խմբավորման անդամներին դատապարտել էին 10 տարվա ազատազրկման։
Սպասվում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանի հաջորդ նիստի օրը, որի ժամանակ վճիռ կկայացվի, կհայտարարվի մոտ ժամանակներս։



























