Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը կպահպանվի հաջորդ ֆինանսական տարվա բյուջեում եւ կկազմի 48մլն դոլար, այսինքն կմնա անցած տարվա մակարդակին: Այս որոշումը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը:

Ենթահանձնաժողովը նաեւ քվեարկել է Լեռնային Ղարաբաղին տրվող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու օգտին: Այն կհասցվի 10 միլիոն դոլարի, որն աննախադեպ մեծ գումար է: Զինվորական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակում Հայաստանի համար նախատեսվում է՝ 450 հազար դոլար:

Ինչպես հաղորդել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), ենթահանձնաժողովի անդամները քվեարկել են հօգուտ այն բանի, որ վարչակազմը պահպանի Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը` երկրներից յուրաքանչյուրին տրամադրելով 3-ական միլիոն դոլար: ենթահանձաժողովը չպաշտպանեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը, ըստ որի՝ ԱՄՆ-ը պետք է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը կրճատեր 38 տոկոսով:

Ենթահանձնաժողովի ղեկավար Նիթ Լոուին նաեւ պաշտպանել է այն օրինագիծը, որն առաջարկում է շրջափակման եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այլ ագրեսիվ գործողությունների համար սահմափակել Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը:

Ինչպես հայտարարել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ANCA-ն բարձր է գնահատում ենթահանձնաժողովի նախագահներ Նիթ Լոուիի, Ադամ Շիֆի, Մարկ Քիրկի, Սթիվ Ռոթմանի եւ շատ ուրիշների ջանքերը՝ արտաքին օգնություն տրամադրելու հարցի շուրջ կառուցողական աշխատանքի համար: «Մենք ուրախ ենք, որ Ենթահանձնաժողովը վերականգնեց ռազմական օգնության հավասարակշռությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին 10 մլն դոլար տրամադրեց: Հենվելով այդ առաջընթացի վրա՝ մենք կաշխատենք Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնության ցուցանիշը հասցնել 70 մլն դոլարի»:

Իր հերթին, Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է Ենթահանձնաժողովի գործողությունները` նշելով, որ դրանք հստակ ազդանշան են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին, որ Ամերիկան շարունակելու է օժանդակել տարածաշրջանի իր բարեկամներին: Բացի այդ, Միացյալ Նահանգների հատկացրած օգնությունը Հայաստանին, նրա կարծիքով, թույլ կտա մեղմել Թուրքիայի կողմից շարունակվող Հայաստանի շրջափակումը: Նա նաեւ նշել է, որ Համագումարին անհանգստացնում է Հայաստանին տրվող օգնության ընդհանուր մակարդակը, մասնավորաբար, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի վերջին որոշումը՝ Հայաստանի գյուղական ճանապարհների շինարարության ֆինանսավորումը դադարեցնելու մասին: