Հուլիսի 8-ին Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասյեի և Յուրի Մերզլյակովի մամլո ասուլիսը, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Ինչպես նշել է Ֆասյեն, սա տարվա սկզբից համանախագահների արդեն 8 կամ 9-րդ այցն է Երևան, հետևաբար իրենք այցելում են Հայաստան գրեթե ամիսը երկու անգամ։ Այս անգամ նրանց այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումն է, որի տեղի է ունենալու Մոսկվայում հուլիսի 17-ին։

«Սա կլինի նախագահների արդեն 6-րդ հանդիպումը վերջին 13 ամիսների ընթացքում, ինչը վկայում է այն մասին, որ երկու պետությունների ղեկավարները քննարկելու բան ունեն,- նշել է Բեռնար Ֆասյեն։- Պետք չէ ամեն մի հանդիպում առանձին գնահատել, հարկավոր է ուշադրություն դարձնել անցած տարի Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած նախագահների հանդիպման ժամանակ տեղ գտած առաջխաղացմանը»։ Այդ դեպքում կարելի է արդեն տեղաշարժեր նկատել բանակցային գործընթացում,- կարծում է համանախագահը։

Ըստ նրա, առաջխաղացումն ակնհայտ է: Եթե Պրահայի գագաթնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները արձանագրեցին մադրիդյան համաձայնության ընդհանուր առմամբ 15 հիմնարար կետերի շուրջ բանակցությունների հետագա շարունակություն, ապա ներկա դրությամբ վերջին՝ Սանկտ-Պետերբուրգի հանդիպման ընթացքում, նրանք արդեն աշխատում էին դրանց հաստատման վրա։ Համանախագահները հուսով են, որ Մոսկվայում նախագահները կհստակեցնեն այդ 2-3 կետերը և կկարողանան անցնել մադրիդյան համաձայնության հաջորդ սկզբունքներին, որոնց շուրջ բանակցություններ դեռևս չեն սկսվել։

Երևանում համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաև մի քանի անգամ զրուցել են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և համարել են այդ հանդիպումները կառուցողական։ «Հուսով եմ, որ Բաքվում կայանալիք զրույցները պակաս արդյունավետ չեն լինի»,- ասել է Բեռնար Ֆասյեն։