Աշխարհի հզորները թույլ չեն տա, որ պատերազմ սկսվի եւ դա  մեզ համար շատ լավ է: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ից պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել էր մայիսի 26-ին Դովիլում: «Այսօր ամբողջ աշխարհը դատապարտում է եւ չի ընդունում այն պետությունների քաղաքականությունը, որոնք գործում են ուժի հիմքերից, սա շատ կարեւոր է Հայաստանի համար: Բացառվելու է պատերազմը»,- ասաց նա:

Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նշեց, որ նախագահները նախ ֆիքսել են երեք խնդիր. Նախ նշել են, որ Սոչիում ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, որոնց առաջընթացը ճիշտ կլիներ, երկրորդ` պատերազմը միայն վատ արդյունքի կարող է բերել եւ Ադրբեջանի հռետորությունն ու գործողությունները պետք է դադարեցվեն, այլապես այլ քայլեր կձեռնարկվեն եւ վերջապես երրորդ` հունիսին պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն: Նրա կանխատեսմամբ` հունիսին որեւէ արտառոց դեպք չի լինի, քանի որ հիմնարար սկզբունքները, որոնք առկա են, մասնավորապես` տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքը, իրարամերժ են: Արամ Կարապետյանի խոսքով` կարելի է ենթադրել, որ հունիսին փորձ կարվի մերձեցնել այդ երկու սկզբունքները, ինչը շատ բարդ է լինելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն էին ընդունել։ Փաստաթղթում կողմերը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները: «Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է հագեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման՝ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ ընձեռելով։ Համոզված ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը դեպի խաղաղ կարգավորում քայլ անեն»,-ասվում է հայտարարության մեջ: