«Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները բավականին անփույթ են կազմված։ ԱԳ նախարարության կողմից լուրջ բացթողումներ են գրանցվել։ Կան կետեր, որոնք ընդհանրապես կարող էին չլինել, օրինակ՝ ենթահանձնաժողովի ստեղծման կետը»,- այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
Նրա կարծիքով, եթե այս արձանագրությունները ստորագրվեն եւ սահմանը բացվի, ապա երկար ժամանակ որեւէ փոփոխություն չի նկատվի, առավել եւս տնտեսական ոլորտում. «Ըստ իս՝ արձանագրությունների ստորագրումից հետո տնտեսական դաշտում կտրուկ փոփոխություններ չեն գրանցվի, քանի որ մեր գործարարները թույլ չեն տա, որ Թուրքիան գրավի տնտեսական դաշտը»,-հավաստիացրեց նա, նշելով, որ Հայաստանի համախառն ներքին արտադրանքը հավասար է Թուրքիայի համախառն ներքին արտադրանքին, եւ եթե Հայաստանը համակարգի եւ օգտագործի իր հնարավորությունները՝ մեր տնտեսությունը կարող է զարգանալ։
Հիմնադրամի տնօրենը անդրադարձավ նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սփյուռքի դիրքորոշմանը, եւ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին կոչ արեց առավել ըմբռնումով մոտենալ պետական շահերի առնչվող հարցերին՝ հայտարարելով, որ սա այնպիսի գործընթաց է, որը իրավունք ունի զարգանալու եւ բխում է հայ ազգի շահերից։
«Եթե մեր ազգային շահերից բխում է, որ մենք պետք է հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, ապա մենք պետք է ունենանք»,- ընդգծեց նա։




























