«Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ ղարաբաղյան հարցի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների ընդունած հայտարարությունը նախկինում ընդունված հայտարարություններից տարբերվում է նրանով, որ հեղինակները դրանում կողմերին կոչ են անում ավարտել սկզբունքների վրա տարվելիք աշխատանքը, այսինքն՝ հասկացնել տվեցին, որ ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակն ավարտվում է։ Մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը։

Նա տեսակետ հայտնեց, որ հայտարարության մեջ հակամարտության կողմերի վրա որոշակի ճնշում է նկատվում։ Եռակողմ հայարարության մեջ հստակ արձանագրված է ուժի չկիրառման կետը, որը վերաբերում է բացառապես Ադրբեջանին։

Նշենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում հայտարարություն էին ընդունել, որում ընդգծել էին, որ խաղաղության, կայունության եւ հաշտեցման կարելի է հասնել միայն բանակցությունների ճանապարհով։