Երեւանում այսօր`մայիսի 27-ին ժամը 18:30-ի սահմաններում, անհայտ անձը զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ հայտնել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում, գազի բալոնների վրա պայթուցիկ սարքեր են դրված, որոնք պետք է պայթեն:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ Ֆիզիկայի ինստիտուտ է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Այստեղ է նաեւ Մաշտոցի տարածքային ԱԱԾ ղեկավարը` օպերատիվ քննչական խմբով, ԱԻՆ Հայաստանի  փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության փրկարարները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ, 1-03 ծառայության մի քանի բրիգադներ ու սակրավորներ:

Նշված տարածքում կան բազմաթիվ բնակելի բարձրահարկ շենքեր: Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները բնակիչներին զգուշացնում են, որ դուրս չգան բնակարաններից եւ տարածքից հեռու մնան:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի