«Գոնի» սուպերթայֆունը թուլացել է՝ հասնելով Ֆիլիպինների Լուսոն կղզու ափերին. իշխանությունները հայտնում են առնվազն չորս զոհի մասին, հաղորդում է Reuters-ը:

Կղզին հոսանքազրկվել է, վնասվել են ենթակառուցվածքները, թայֆունի հետեւանքով սկսվել է ջրհեղեղ:

Օդերեւութաբանական ծառայությունը «Գոնի» փոթորկի մակարդակը ճանաչել է որպես թայֆուն:

Օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ թայֆունը դեռեւս վտանգ է ներկայացնում երկրի մայրաքաղաք Մանիլայից հարավ գտնվող նահանգների համար:

Ինչպես հաղորդել է նահանգապետը, զոհվել է չորս մարդ: Թայֆունի չորս զոհերից մեկի վրա ընկել է ծառը, մյուս զոհը 5-ամյա երեխա է, որը խեղդվել է գետում ջրհեղեղի ժամանակ:

«Գոնի» թայֆունը համարվում է այս տարվա ամենաուժգին փոթորիկը: Դրա արագությունը կազմում է 225 կմ/ժ, ընդ որում՝ թայֆունով պայմանավորված ուժգին քամու արագությունը հասնում է 310 կմ/ժ:

Ֆիլիպինների իշխանությունները տարհանել են շուրջ 1 մլն մարդ::

Օդերեւութաբանական ծառայությունը հաղորդել է, որ Բիկոլա նահանգում, ինչպես նաեւ Քեսոն, Լագունա եւ Բաթանգաս քաղաքներում սպասվում են աղետալի ուժգին քամիներ եւ հորդառատ անձրեւներ:

Սուպերթայֆունը, որը դարձել է երկրում 18-րդ տրոպիկական փոթորիկը, ուղեւորվում է նաեւ դեպի Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա: