«Ես շատ ուրախ կլինեի, եթե սփյուռքում ընդվզումը պայմանավորված լիներ ոչ թե միայն հայ-թուրքական արձանագրություններով, այլ նաեւ իշխանությունների ոչ լեգիտիմությամբ»,- այսօր նման տեսակետով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու հավելել.
«Սփյուռքի կազմակերպությունները ոչ սկզբունքայնություն ցուցաբերեցին եւ որեւէ խոսք չասացին այն այլանդակությունների վերաբերյալ, որ տեղի ունեցան մարտի 1-ին Հայաստանում: Ավելի ցավալի եւ ավելի վիրավորական է, որ մարտի 1-ի արյան գնով իշխանության եկած նախագահին ողջունելով, մի շարք սփյուռքյան կառույցներ նույն հայտարարությամբ մատ էին թափ տալիս Ադրբեջանի ոչ լեգիտիմ իշխանության վրա: Այս կրկնակի ստանդարտը, այս անսկզբունքայնությունը, այս „շառը մեզանից հեռու“ մոտեցումն անընդունելի է, եւ եթե այն ժամանակ Սփյուռքը ոտքի կանգներ այդ ոչ լեգիտիմ իշխանության դեմ, քաղբանտարկյալների առկայության դեմ, իրավիճակն այլ կլիներ»:
Նրա ներկայացմամբ, այսօր հայ-թուրքական զարգացումների պարագայում նման զարգացումներ չէին լինի, եւ Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունն իրեն այսքան ուժեղ չէր զգա, եւ չէր գնա այս ապօրինություններին, եթե Սփյուռքը ժամանակին իր վարքով չխրախուսեր իշխանություններին: Հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն կտրուկ դեմ արտահայտվելով հայ-թուրքական արձանագրություններին, այնուամենայնիվ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, պատասխանեց. «Որովհետեւ ՀՅԴ-ն 11 տարի օգտվում է իշխանության կերակրատաշտից, փող է աշխատում եւ իմիտացիոն գործունեություն ծավալում: Նրանք ընդդիմադիր դաշտ ելումուտ են անում: Շուտով գուցե արտահերթ ընտրություններ լինեն, նորից կմտնեն իշխանության մեջ: Դա գործելակերպ է, փեշակ է, ցեղասպանությունն ու հայրենասիրությունն էլ է նրանց համար փեշակ, որի համար աշխատավարձ են ստանում»:




























