Համացանցում սադրիչ հրապարակումների եւ մեկնաբանությունների հեղինակներին, որոնք ուղղված են Հայաստանի գործող իշխանությունների դեմ եւ նվիրված են առաջնագծի իրավիճակին, ռազմական դրության ռեժիմի համաձայն՝ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել օրենքի ամբողջ խստությամբ։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա, մասնավորապես, ուշադրություն դարձրեց այն փաստին, որ երկրում ռազմական դրության ռեժիմի գործողության պայմաններում արգելված հրապարակումների հեղինակները, որոնք իշխանափոխության, բանակի ներգրավմամբ հեղաշրջման եւ այլնի կոչ են անում, տեսականորեն կարող են կրկնել իրենց գործողությունները՝ ամեն անգամ վճարելով օրենքով սահմանված 300 հազար դրամ տուգանքը։
«Ֆիզիկական անձի համար այս տուգանքն այնքան էլ փոքր չէ, բայց յուրաքանչյուր հաջորդ խախտմամբ պատիժն ավելի է խստանում։ Այսպիսով՝ յուրաքանչյուր այդպիսի հրապարակման համար կարելի է վճարել նույն 300 հազար դրամը եւ շարունակել ասես ոչ մի բան չի եղել։ Անհրաժեշտ է հասկանալ՝ այդպիսի գործունեությունն արդյոք չի՞ ֆինանսավորվում նպատակաուղղված։ 90-ական թվականներին մարդկանց, որոնք տարածում էին հայտարարություններ այն մասին, որ Ղարաբաղում բոլոր դիրքերը հայերը կորցրել են, Վազգեն Սարգսյանն ուղարկում էր այդ նույն դիրքեր եւ այնտեղ թողնում սեփական աչքով համոզվելու համար, որ այդ դիրքերը հանձնված չեն։ Այդպիսի մարդկանց հետ հիմա էլ պետք է համանման կերպ վարվել»,- հայտարարեց Քոչարյանը։





























