«1915թ. ավստրիացի մի ինժեներ՝ Լիցմայեր ազգանունով, մասնակցում էր Կոստանդնուպոլիս-Բաղդադ երկաթգծի շինարարական աշխատանքներին եւ ականատեսն էր մի երեւույթի, որը նրա կարծիքով, թուրքական մեծ բանակի առաջխաղացումն էր Միջագետքի ուղղությամբ»,- անգլիական The Independent պարբերականում գրում է գրող եւ լրագրող Ռոբերտ Ֆիսկը:
«Երբ բազմությունը մոտեցավ, նա տեսավ, որ դա կանանց մեծ քարավան է, մոտ 40 հազար հոգի, եւ նրանց ուղեկցող զինվորներ: Նրանք բոլորը հայուհիներ էին, որոնց բաժանել էին իրենց ամուսիններից: Կանայք դատապատված էին տեղահանման եւ ցեղասպանման՝ մեկուկես միլիոն մարդկանց նման: Շատերը չէին դիմանում եւ ճանապարհին թույն էին ընդունում: Եպիսկոպոս Գրիգորիս Բալաքյանի, Լիցմայերի ժամանակակցի վկայությամբ, նրանցից շատերը նման էին կմախքների, ցնցոտիներ հագած, կիզիչ արեւից այրված, ցրտից ու քամուց: Շատ կանայք, ցրտից փայտացած, թողնում էին իրենց նորածին երեխաներին ճանապարհին՝ իրենց բողոքը հայտնելով մարդկությանն ու Աստծուն»,- գրում է հոդվածագիրը:
«Տարեցտարի նորանոր փաստեր են ի հայտ գալիս, որ ապացուցում են անցած դարի առաջին հոլոքոսթի ու էթնիկ զտման մասին, իսկ Թուրքիան ամեն տարի ժխտում է, որ ցեղասպանություն է իրագործել: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ, սարսափի մատնելով Ցեղասպանության միլիոնավոր հետնորդներին, պատրաստվում է համաձայնվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագրությունների հետ, որ թույլ կտան նոր առեւտրական գործարքներ ու շահեր առաջ մղել»,- գրում է հեղինակավոր թերթը:
Այնուհետ հոդվածի հեղինակը ներկայացնում է Լիբանանում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներից մեկի խոսքերը, որը բողոքում է Հայաստանի ղեկավարության գործողությունների դեմ. «Հայկական կառավարությունը փորձում է դառը դեղահաբ մեզ մատուցել՝ պնդելով, թե ստեղծվելու է 1915թ. դեպքերի պատմական փաստերն ու արխիվներն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողով: Մի՞թե հրեաները կհամաձայնեին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ, եթե վերջինս կասկածի տակ դներ Հոլոքոստը»:
Ֆիսկը նաեւ անդրադառնում է «դավաճանություն» հասկացությանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն երրորդ ամերիկյան նախագահն է, որ հայերին խոստացել է ընտրվելու դեպքում հայտնի դեպքերը ճանաչել որպես «ցեղասպանություն», բայց խաբել է՝ իր նախորդների պես:




























