2020 թվականին համավարակի հետ կապված պատգամավորներին եւ աշխատակիցներին պարգեւավճարներ չվճարելու հետեւանքով Ազգային ժողովի աշխատակազմը կարողացել է տնտեսել մոտ 252 մլն դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, որը մասնավորապես հետաքրքրվեց, թե ծախսերի որ հոդվածով է հաջողվել միջոցներ տնտեսել։

Սիրականյանը նշեց, որ 2020 թվականի բյուջեն ենթարկվել է 2 լուրջ փոփոխության։ Առաջինը կապված էր համաճարակի հետ, որի հետեւանքով ԱԺ աշխատակազմը 503 մլն դրամի պահուստային ֆոնդը վերաբաշխել է։

«Ամենամեծ բաժինը կազմում են բոնուսների, դրամական խրախուսումների, հատուկ վճարների հոդվածները։ Շատ փող է վերադարձվել գործուղումներից, ինչպես նաեւ այլ ծախսերից»,- ասաց Սիրականյանը։

Երկրորդ անգամ ստուգում է անցկացվել ռազմական դրություն մտցնելու հետ կապված։ Այս անգամ պահուստային ֆոնդ է վերադարձվել 100 մլն 500 հազար դրամ։ Սա տեղի է ունեցել շենքի ներսում պայմանների բարելավման հոդվածի եւ Ագային ժողովի դերի մեծացմանն ուղղված միջոցառումների հոդվածի հաշվին։