2021 թվականին գյուղատնտեսության աջակցության համար կհատկացվի 31,2 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նշված գումարը գերազանցում է ընթացիկ տարվա աջակցության ծավալները, որոնք հավասար են 29 մլրդ դրամին:

«Որոշ ծրագրեր, որոնք սկսվել են 2020 թվականին, կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: Շատ առումով այդ ծրագրերը պայմանավորված են կորոնավիրուսով եւ Ղարաբաղում մարտական գործողություններով, ինչը չէր կարող չանդրադառնալ տնտեսական ակտիվության վրա: 2021-ին ֆերմերներին պետական աջակցության նպատակն է արտադրողականության աճը, արտադրանքի մրցունակության մեծացումը»,-պարզաբանեց Խաչատրյանը:

Արտադրողականության տեսանկյունից, նախարարի խոսքով, գյուղատնտեսության ոլորտը խոցելիներից մեկն է: Միեւնույն ժամանակ, արտադրողականության մեծացումը, նրա կարծիքով, կհանգեցնի մրցունակության աճին ինչպես տնտեսվարող սուբյեկտների միջեւ, այնպես էլ նրանց կողմից արտադրվող ապրանքի միջեւ:

Բուսաբուծության ոլորտում, Խաչատրյանի խոսքով, աջակցության ծրագիրը թիրախավորել է 3 հիմնական խնդիրներ՝ այգետնկում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, կաթիլային ոռոգում եւ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն: