Ընթանում է շատ ակտիվ տեղեկատվական պատերազմ, որը չի կարելի է համեմատել 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ, նախ, ներդրված ռեսուրսների տեսանկյունից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Միջազգային ԶԼՄ-ների ներկայությունն իր դերն ունի: Անշուշտ, կան նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վճարված ռեսուրսներ, որոնք ապահովում են նրանց համար անհրաժեշտ տեղեկատվական հոսքերը, սակայն բազմաթիվ օտարերկրյա ԶԼՄ-ներ, որոնք աշխատում են հիմնականում Արցախում, մեծամասամբ ունեն չեզոք դիրքորոշում: Բացի ԶԼՄ-ներից, զգալի է նաեւ սոցիալական ցանցերի սովորական օգտատերերի ներգրավվածությունը, որոնք տարածում են տեղեկատվություն: Այդ առումով հայկական կողմը մոբիլիզացրել է շատ լուրջ ռեսուրս, մեծաթիվ մարդիկ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում ներքաշված են տարբեր սոցիալական ցանցերում տեղեկատվական գործունեության մեջ»,-նշել է նա:
Ներկայիս պատերազմի առանձնահատկություններից մեկը, նրա խոսքով, Telegram-ալիքների լուրջ ակտիվությունն է, ինչը հանգեցրել է նրան, որ դրանց որոշ հետեւորդների ակտիվությունը գերազանցել է լուրջ ռուսական հեռուստաալիքների մակարդակը:
«Ինչ վերաբերում է հայկական ԶԼՄ-ներին, ապա բարձր նշաձողը հիմնականում պահպանվում է: Միեւնույն ժամանակ մենք ունենք խնդիր նյութերի թարգմանության հետ կապված ռուսերեն եւ հայերեն լեզուներով: Այժմ իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է, քանի որ ներգրավվել են մեծաթիվ կամավորներ: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների գործունեությունը շատ ցածր մակարդակի վրա է, եւ միակ նրանց ռեսուրսը վճարված լրագրողներն են ու այսպես կոչված փորձագետները, այդ թվում՝ արտերկրից»,-ընդգծել է փորձագետը:
Ինչպես նշել է Մարտիրոսյանը, ներկայիս տեղեկատվական հակազդման եւս մեկ առանձնահատկությունն այն է, որ ստիպված ենք ներդնել հսկայական ռեսուրսներ, որպեսզի որոշակի արդյունքներ գրանցվեն, օրինակ, Արցախի ճանաչման գործում, եւ դա կապված է ոչ այնքան Թուրքիայի եւ Ադրբեջանի հակազդման, այլ արտերկրյա օգտատիրոջ պասիվության հետ, որն արտահայտում է լավագույն դեպքում «խորը մտահոգություն»:
«Ինչ վերաբերում է անձնական տվյալների ընդհանուր տեղեկատվական անվտանգությանը, ապա այդ ուղղությամբ դեռ շատ անելիք կա: Չնայած պետք է խոստովանել, որ ի տարբերություն պատերազմի առաջին օրերի՝ օգտատերերը դարձել են ավելի սառնասիրտ: Մեթոդները, որոնք կիրառել են ադրբեջանական հատուկ ծառայությունները, արդեն ոչ այնքան արդյունավետ են ու գրեթե չեն ցուցաբերում լուրջ հոգեբանական ազդեցություն: Տեղեկատվական ռեսուրսները, որոնք առաջին օրերին ենթարկվել էին հաքերական հարձակումների, նույնպես կարողացել են ուժեղացնել անվտանգության մակարդակը: Դա կապված է հանգամանքի հետ, որ հակառակորդի հարձակումները, որոնք ոչ միայն չեն թուլացել, սակայն անգամ ուժգնացել են, գրեթե չեն զգացվում: Ակնհայտ է, որ այդ միջոցներն ուղղված են նաեւ տեղեկատվական ազդեցություն ցուցաբերելուն, քանի որ, երբ կոտրվում են հայկական տեղեկատվական կայքերը, դա բարձրացնում է հետաքրքրությունն ադրբեջանական ռեսուրսների նկատմամբ, եւ հակառակը: Կիբերհարձակումները կարող են ունենալ նաեւ այլ դրսեւորումներ: Օրինակ՝ չեն բացառվում ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակվելու փորձերը: Խուճապի մատնվել պետք չէ, սակայն անհրաժեշտ է դրան նախապատրաստվել: Հայ հաքերներին, օրինակ, հաջողվել էր մի քանի օրով պարալիզացնել Ադրբեջանում բանկային քարտերի աշխատանքը»,-հավելել է նա:
Անձնական տվյալների տեղեկատվական անվտանգությունը բարձրացնելու տեսանկյունից փորձակետը խորհուրդ է տվել օգտվել հուսալի սոցիալական ցանցերից եւ ստուգված աղբյուրներից:
«Շատ կարեւոր է չօգտվել հայտնի կայքերի ֆեյք ռեսուրսներից, որոնք շատ ակտիվորեն ստեղծում է հակառակորդը»,-ամփոփել է Մարտիրոսյանը:



























