Լիբիայի ազգային նավթային կորպորացիան (NOC) նոյեմբերի 7-ին իր կայքում հայտարարել է, որ երկրում նավթի արդյունահանումը գերազանցում է օրական 1 միլիոն բարելը, հաղորդում է «Իզվեստիան»:

«Ազգային նավթային կորպորացիան հայտնում է, որ իրեն հաջողվել է օրական արդյունահանել 1 036 035 բարել նավթ»,- ասված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ NOC-ը չի կարողանա պահպանել արդյունահանման այդպիսի մակարդակը, եւ «մի շարք կողմերից կորպորացիայի նավթի արդյունահանումը մեծացնելուն եւ ազգային տնտեսությունը վերակենդանացնելուն խոչընդոտելու» պատճառով նավթի արդյունահանումը կարող է ամբողջությամբ դադարեցվել:

Բացի այդ, կորպորացիան ֆինանսական դժվարությունների է բախվում, ինչի պատճառով պարտքեր է կուտակել «ոլորտի ընկերություններին, ինչպես նաեւ զգալիորեն հետաձգել է սպասարկող ընկերություններում աշխատավարձերը»:

Ավելի վաղ, սեպտեմբերի 19-ին հայտնի էր դարձել, որ NOC-ը վերացրել է արտակարգ դրությունը նավթահանքերում եւ վերսկսել է արդյունահանումը: Միաժամանակ նշվում է, որ արտակարգ դրությունը կշարունակվի այն օբյեկտներում, որտեղ դեռ մնում են գրոհայինները:

Սեպտեմբերի 12-ին Լիբիական ազգային բանակի (LNA) հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր երկրի նավթային օբյեկտների ութամսյա շրջափակումը դադարեցնելու մտադրության մասին:

Մոսկվան հավանություն է տվել արեւելալիբիական իշխանությունների այս որոշմանը:

Լիբիայի ամենամեծ Էշ-Շարարա նավթահանքը հունվարին փակվել էր այնտեղ աշխատող լիբիական ցեղերի ներկայացուցիչների պահանջով, միաժամանակ փակվել էր մոտակա Էլ-Ֆիլ հանքավայրը: Այս հանքավայրերի գործունեության դադարեցմամբ Լիբիայի ամբողջ նավթային արդյունաբերությունը փաստացի դադարեցվել էր:

Մեկ ամիս անց NOC-ը հայտնել էր նավթարդյունաբերության ոլորտում պարապուրդի պատճառով ավելի քան 2 միլիարդ դոլար վնասի մասին:

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիայում չեն դադարում զինված բախումները տարբեր խմբավորումների միջեւ: Գործում է երկիշխանություն՝ արեւելքում գործում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, որը համագործակցում է Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի հետ, իսկ արեւմուտքում, մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: