Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն իր մեջ Հայաստանի անվտանգությանը սպառնացող տարրեր չի պարունակում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Նրա խոսքերով, հոկտեմբերի 8-ի առավոտյան խորհրդի նիստ է տեղի ունեցել, եւ նրա բոլոր անդամները, ինչպես նաեւ հրավիրյալները (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը) հավանության են արժանացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի ընթացքում ներկաների հետ կիսվել է համահայկական ուղեւորության տպավորություններով՝ ինչպես քննադատությունների, այնպես էլ աջակցության մասով, որն օգտակար էր Սփյուռքի կարծիքը լսելու տեսակետից։ Բաղդասարյանը ընդգծել է, որ ինքը հենց սկզբից կողմ է եղել նախագահի նախաձեռնությանը։
Խոսելով Սփյուռքում եւ հայ հանրության շրջանում եղած մտահոգություններից , Բաղդասարյանը նշել է, որ այս հարցերը եղել եւ շարունակում են մնալ Ազգային անվտանգության խորհրդի համապատասխան վարչությունների ուսումնասիրության եւ քննարկման առարկա։
Արթուր Բաղդասարյանը ցավով է ընդունել Փարիզում նախագահի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները։ Նա ասել է, որ այն պահին, երբ Նախագահը հարգանքի տուրք էր մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, լավ կլիներ որ ոչ թե բողոքի ակցիա կազմակերպեին, այլ միանային եւ աջակցեին Նախագահին։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների վերսկսման քաղաքականությանը, եւ ղարբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը որեւէ կապ չունի վերոնշյալի հետ։ Բացի այդ, ինչպես նա նշեց, Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի օրակարգային թեման է մնում։




























