ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուչին երկուշաբթի հայտնել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը:
«Սա կարեւոր աշխատանք է: Ես այն կատարում եմ շատ երկար ժամանակ: Ես դա կատարում էի վեց նախագահների օրոք: Սա կարեւոր աշխատանք է, եւ իմ նպատակն է ծառայել ամերիկյան հասարակությանը ցանկացած վարչակազմի օրոք»,- ասել է դոկտոր Ֆաուչին CNN-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա` վերջին անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել է այն ժամանակ, երբ պետության ղեկավարը բուժվում էր կորոնավիրուսից Walter Reed բժշկական կենտրոնում: Ֆաուսին հավելել է, որ դեռ չի շփվել Ջո Բայդենի հետ:
Նա նաեւ բարձր է գնահատել Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 90 տոկոսանոց արդյունավետության մասին լուրը` հավելելով, որ շատ հավանական է, որ դեղամիջոցն ԱՄՆ-ում հասանելի է դառնա մինչեւ այս տարվա վերջ:





























