Հայաստանի կառավարությունը որոշել է արտոնություններ սահմանել՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրն ավարտելու համար:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում որոշում է ընդունվել, որ ՀՀ քաղաքաշինության նախարարին թույլատրվել է կնքել եռակողմ պայմանագրեր՝ մի կողմից պետության, մյուս կողմից բնակարաններ վաճառող ընկերության եւ շահառուների միջեւ, նախատեսելով, որ պետությունը վաճառողից գնում եւ միաժամանակ նվիրատվության կարգով շահառուին է տրամադրում բնակարանը (բնակելի տունը)` ներառյալ դրա զբաղեցրած եւ սպասարկման համար հատկացված հողատարածքները, եթե այդպիսիք կան:
Միաժամանակ, հաշվի առնելով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը, կառավարությունը որոշել է, որ նշված գործարքներն ազատվում են պետական տուրքերի գծով բոլոր վճարումներից, ինչպես նաեւ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման եւ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության համար նախատեսված վճարներից:




























