Հուլիսի 6-ին Ստամբուլի դատարանում կայացել է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական, արդեն թվով տասներորդ դատական նիստը։ Դատավարությանը ներկա են եղել Փարիզի իրավաբանների ասոցիացիայի անդամ Վինսենթ Նիորը, Ալեքսանդր Ասլանյանը «Հայկական ծագմամբ ֆրանսիացի իրավաբանների միություն»-ից և Բրյուսելի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Իվս Օսչինսկին,- հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Մենք միշտ ցանկանում ենք ներկա գտնվել դատավարությանը իրավաբանների եվրոպական այլ գործընկերների հետ միասին»,- հայտարարել է Նիորը։
Դատավարության առավոտյան նիստում ընթերցվել են վկա Մեսութ Օզի ցուցմունքները, ով պնդում էր, թե Հրանտ Դինքի սպանությունից մի քանի օր առաջ Օյզը աշխատանք որոնելու նպատակով քայլել է Աթաթուրքի փողոցով և պատահաբար բախվելով Հրանտ Դինքին՝ ընկել ու վնասել արմունկը։ Օզի հետագա ցուցմունքների համաձայն, նրանք Դինքի հետ նստել են սրճարանում և շփվել, իսկ այդ ողջ ընթացքում նրանց հետևել է Օգուն Սամաստը։ Սակայն այնտեղ եղել է նաև մի ուրիշ մարդ, որը շփվել է Սամաստի հետ և հեռացել։
Ինքը Սամաստը, որը նույնպես մեղադրվում է սպանության մեջ, հերքել է Օզի ցուցմունքները՝ հայտարարելով, որ բացարձակապես գաղափար չունի, թե որտեղ է գտնվում այդ թաղամասը։ Դինքի գործով անցնող ևս մի վկա Մեսմե Հավան, ցուցմունք է տվել, որ սպանության օրը պատահաբար հանդիպել է Սամաստին ու նրա ընկերոջը սպանության վայրից 10-15 մետր հեռավորության վրա։ Հավան հայտնել է, որ արձակված երեք կրակոցներից հետո անհայտ մեկը ցույց է տվել Շաֆաք փողոցի ուղղությամբ, և նրանք փախել են։ Երկրորդը կարող էր լինել, ըստ վկայի, Յասին Հայալը, որը Դինքի գործով մեղադրյալներից է։
Իսկ ինչ վերաբերում է Հայալին, ապա նա սկսել է անցած նիստում իր ագրեսիվ վարքի համար ներողություն խնդրելով՝ հայտարարելով, որ սպանության օրը եղել է Տրապիզոնում և ոստիկանությունում կան համապատասխան տվյալներ։ Սամաստն ասել է, որ երբ վազել է Շաֆաք փողոցով, սրճարանից դուրս է թռել ինչ-որ մարդ և նույնպես վազել է։ Ըստ Սամաստի, ինքը գաղափար չուներ այդ մարդու անձի և այն մասին, թե ինչու և ուր էր նա վազում։
Նշենք, որ դատական նիստում ներկա են եղել սպանված լրագրողի ընտանիքի անդամները՝ նրա կինը՝ Ռաքել Դինքը, ինչպես նաև Օրհան և Երվանդ Դինքերը։
Ստորև ներկայացնում ենք Դինքի ընտանիքի հայտարարությունը, որը հրապարակվել է նրանց ընտանիքի հոր սպանության գործով 10-րդ դատական նիստից առաջ.
""Ակոս" թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից անցել է արդեն երկուսուկես տարի։ Ներկայիս իրավիճակում այն ուժերը, որոնք թույլ չտվեցին բացահայտել նրանց, ովքեր իրականում կանգնած են այդ սպանության ետևում, կարողացել են նաև խոչընդոտել դատավարությանը։ Այն ի վիճակի չէ մերկացնել և դատարանի առջև կանգնեցնել սպանության համար պատասխանատու պաշտոնյաներին՝ անփութորեն վերաբերվելով գործին։ Եթե հանցագործները լինեին միայն Սամաստը, Հայալն ու Թունջելը, ապա այս գործը վաղուց փակված կլիներ։ Սակայն ակնհայտ է, որ դատարանը՝ երկյուղելով հասարակության հակացդեցությունից, դիտավորյալ ձգձգում է դատավարությունը։ Այդ փակ շրջանը կարող է հաղթահարվել միայն այն դեպքում, եթե դատարանն ու պետությունը կատարեն իրենց պարտքը և անհրաժեշտ ջանքեր գործադրեն հանցագործության պատասխանատուներին հայտնաբերելու համար։
Պետական քննիչների հանձնաժողովի զեկույցներում ոչ մի մեղադրանք չի ներկայացվել պաշտոնական այն անձանց նկատմամբ, որոնց մեղքը կասկածի չի ենթարկվում։ Տրապիզոնի ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքը հանցագործության կատարման ժամանակ տեղափոխվել է այլ պաշտոնի՝ դառնալով Տեղեկատվական բաժնի պետ, ինչը խոչընդոտել է այս գործի մութ տեղերի վրա լույս սփռելուն։ Ոստիկանության սպա Մուխիթին Զենիթը, որը տեղյակ էր այդ սպանության բոլոր մանրամասներին և, որը սպանությունից կես ժամ հետո հեռախոսազրույց է ունեցել Էրհան Թունչելի հետ, պաշտոնի բարձրացում է ստացել՝ դառնալով Աքյուրեքի տեղակալ։ Գնդապետ Ալի Օզը, որին կարողացել են հարցաքննել միայն սպանությունից 18 ամիս հետո, հայտարարել է, որ շատ մանրամասներ չի կարողանում հիշել։ Ստամբուլի ոստիկանապետ Չալեթին Ջերահը, որը քաղաքացիական տեսուչների զեկույցի համաձայն, նույնպես պատասխանատու է սպանության համար, նշանակվել է Օսմանիե նահանգի նահանգապետ։ Ստամբուլի ոստիկանության լրատվական բաժնի ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերը նույնպես կարողացել է խուսափել հարցաքննությունից և նշանակվել է այլ պաշտոնի։ Նույնը կարելի է ասել և մյուս կասկածյալների մասին, որոնք խուսափել են դատից։ Իսկ այդ անձանց հարցաքննելու մասին իրավապաշտպանների խնդրագիրը մերժվել է։
Այս գործը ավելի ու ավելի է ձգձգվում, սակայն գործնականում անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվում, որպեսզի բացահայտվեն այն ուժերը, որոնք ներկայումս իսկապես կանգնած են մեղադրյալների՝ Օգյուն Սամաստի, Յասին Հայալի, Էրհան Թունջելի, Ահմեդ Իսքենդերի և Յերսին Յոլչի ետևում։ Դա վկայում է Դինքի ընտանիքի շարունակվելիք տառապանքների մասին, որը ռասիստական հարձակումների է ենթարկվել մեղադրյալների ու նրանց փաստաբանների կողմից։ Սակայն մենք չենք կարող այլևս սպասել":



















