Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է հաստատել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը, ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման ցուցանիշների համակարգը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին անգամ սույն ռազմավարությամբ սահմանված են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի եւ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի, դրա կառուցման ինստիտուցիոնալ, կոռուպցիայի գնահատման եւ միջոցառումների իրականացման ցուցանիշային համակարգերը: Վարչական մոնիտորինգի փոխարեն որդեգրվում է ըստ արդյունքների մոնիտորինգի իրականացման ու գնահատման համակարգ: Ամեն տարվա ավարտին գնահատվելու են ոչ թե կատարված գործողությունները, այլ ստացված արդյունքները:

Ի դեպ, այս փաստաթուղթն արժանացել է նաեւ միջազգային կազմակերպությունների հավանությանը: Մոնիտորինգային խմբերում ընդգրկվելու են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հավասար հիմունքներով մասնակցելու են բոլոր աշխատանքներին, հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: