Սփյուռքի ներկայցուցիչների հետ Դոնի Ռոստովում կայացած հանդիպմանը Հայաստանի նախագահը կոչ է արել «աշխատել Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ եռամիասնությամբ»: Նրա խոսքերով, այդ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում ժամանակը կաշխատի հայ ժողովրդի օգտին, «կդառնա մեր դաշնակիցը»: Նա նաեւ հավելել է, թե Հայաստանի առաջընթացը կախված է նրա մոդեռնացումից: «Չի կարելի թերագնհատաել սեփական ուժերը: Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը,- ընդգծել է նա:
Հայաստանի նախագահի խոսքերով, Հայաստանը դուրս է գալիս նոր՝ ավելի բազմաշերտ փուլ: „Ցանկացած նոր գաղափար կամ իրողություն հանդիպում է դիմադրության: Դա բնական է: Իսկ խնդիրները, որոնք կապ ունեն տասնամյակներով մեզ ուղեկցող ցավին, հատկապես զգայուն եւ զգացական մոտեցում են պահանջում,- նշել է նա:
“Այսօր մենք գտնվում ենք Դոնի Ռոստովում, կարելի է ասել` Նոր Նախիջանում, որ հիմնել են հիմնականում արեւմտահայերը: Նրանց, այսինքն` մեզանից շատերի պատմական հայրենիքը Արարատից այն կողմն է, Հայաստան-Թուրքիա սահմանագծից այն կողմ: Տեսնել այդ սահմանը` չի նշանակում մոռանալ կամ ուրանալ իրողությունը»,- կարծում է Սերժ Սարգսյանը եւ հավելել. «Իհարկե, հնարավոր են, եղել են եւ լինելու են սադրանքներ, գործընթացը վիժեցնելու փորձեր, բազմաթիվ թաքնված եւ ակնհայտ վտանգներ: Բայց եթե այդ ամենը չլիներ, չէր լինի եւ մեր այս ջանքերի կարիքը»:
«Ես ընդունում եմ, որ յուրաքանչյուր նորի մեջ կա ռիսկի գործոն: Երբ մենք անկախություն էինք հռչակում, այն ժամանակ էլ կային մտավախություններ Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանապարհի վերաբերյալ: Երբ մենք սկսում էինք Արցախյան շարժումը, որ պիտի հանգեցներ նոր իրողությունների, մենք կրկին ունեինք լուրջ մտահոգություններ: Բայց մենք երկու դեպքում էլ որոշում ենք ընդունել եւ շարժվել ենք առաջ: Որոշում ենք ընդունել՝ հավատալով մեր ուժերին, հավատալով, որ մենք ճիշտ ենք արձագանքում ժամանակի հրամայականին: Այսօր էլ պիտի կարողանանք որոշում ընդունել ու շարժվել առաջ: Գիտակցել վտանգները չի նշանակում հետ կանգնել ճիշտ ճանապարհից, ընդհակառակը՝ նշանակում է առաջ ընթանալ զգույշ, բայց հաստատակամ, խոչընդոտները հաղթահարելով կամ խելամտորեն շրջանցելով»,- ամփոփել է նա:
Բացման խոսքից հետո Հանրապետության նախագահը լսել է հանդիպման մասնակիցների կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, պատասխանել նրանց բարձրացրած հարցերին: Ներկաները ողջունել են Նախագահ Սարգսյանի համահայկական ուղեւորության նախաձեռնությունը եւ նշել, որ նման հանդիպումը լավ հնարավորություն է առաջին ձեռքից լրացուցիչ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու գործընթացի ու հարաբերությունների կարգավորումից Հայաստանի Հանրապետության ակնկալիքների մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահը Դոնի Ռոստովում էր գտնվում համահայկական շրջագայության շրջանակներում: Մեկ շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը եղել է Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում: Հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:




























