Թերթը զրուցել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ.

ՀԱԿ-ի ակտիվիստները եւ իրենք` համաներմամբ ազատ արձակվածները, իշխանության այս քայլը գնահատում են որպես աննախադեպ հաղթանակ, որից մինչեւ արտահերթ ընտրություններ եւ իշխանափոխություն կես քայլ է։ Ձեր կարծիքով` այդպե՞ս է։

Նայած ի՞նչ ես հասկանում հաղթանակ ասելով։ «Ժառանգության», որոշակիորեն նաեւ հասարակության համար հաղթանակը, կարծում եմ, որակական փոփոխությունն է կառավարման ամբողջ համակարգում, որի արդյունքում քաղաքացին դառնում է գործոն, քաղաքացու պահանջները բավարարվում են անհատական մակարդակով, ինչի շնորհիվ կանխվում է արտագաղթը։ Դժբախտաբար այդ ուղղությամբ իրականացվող քայլեր այս պահին չեմ տեսնում։

Չեմ բացառում, որ որոշակի շրջանակներում մասնակի` ոչ ամբողջական իշխանափոխություն լինի, եւ ՀԱԿ-ը դառնա իշխանության մաս։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է խոսել արմատական բարեփոխումների մասին` այն, ինչը ինձ, որպես «ռոմանտիկ» քաղաքական գործչի, հետաքրքրում է առաջին հերթին։

Երկրորդ` եթե այս քայլերը ՀԱԿ-ը համարում է իր հաղթանակը, սա ինձ համար առնվազն անհասկանալի է, որովհետեւ 2008թ. Ազատության հրապարակը բաց էր, մինչեւ մարտի 1-ը քաղբանտարկյալներ, ըստ էության, չկային «Մարտի 1»-ի բացահայտման խնդիր էլ ընդհանրապես գոյություն չուներ։ Այսինքն` վերադարձել ենք ի շրջանս յուր։ Եթե ելման կետին վերադառնալն ինչ-որ մեկի համար հաղթանակ է, մեզ համար, իհարկե, այդպես չէ։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, արտահերթ զարգացումներ այս պահին կարծես թե չեն նշմարվում։

Քանի որ ամառը մեզանում, որպես կանոն, քաղաքական ակտիվությամբ աչքի չի ընկնում, կարելի՞ է ասել, որ վերադասավորումների գործընթացը հետաձգվում է մինչեւ աշուն։

Այս ամառը կարող է քաղաքականապես ակտիվ լինել, քանի որ վերջինն է խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իհարկե, սեզոնայնությունն իր գործը կանի, բայց արդեն իսկ պարզ է, որ որեւէ մեկը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել` սպասել աշնանային զարգացումներին։

Ուստի հնարավոր է, որ ամռան ընթացքում էլ բավական էական տեղաշարժեր լինեն, բայց ամենայն հավանականությամբ հիմնական գործընթացները կծավալվեն աշնանը, որովհետեւ սեպտեմբերի 1-ից արդեն միանգամից մտնելու ենք նոր փուլ, երբ բոլոր քաղաքական ուժերը դինամիկ պայքար են սկսելու խորհրդարանական ընտրություններում առավելագույն հասարակական աջակցություն ապահովելու համար։