Ունենք այն, ինչ ունենք, եւ այսօր անհրաժեշտ է քննարկել ու ընդհանրացնել տեղի ունեցածը։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

Նրա խոսքով՝ քանի որ վերջին տարիներին հռետորաբանությունը փոխվել էր, ձեւավորվել էր Հայաստանի արհեստական օրակարգ, այն չի արտացոլել ներկայիս իրողությունները, վտանգները եւ սպառնալիքները։

«Ամիսներ շարունակ քննարկվում էր Ստամբուլի կոնվենցիան, Լանսարոտի կոնվենցիան, վարկաբեկվում էր Աստվածաշունչը։ Սա հիմնական օրակարգն էր։ Ի՞նչ է, երկրում ուրիշ մարտահրավերներ չկայի՞ն։ Դուք անտեսել եք ինչպես ընդդիմության ներկայացրած օրինագծերը, այնպես էլ պարբերաբար բարձրաձայնվող խնդիրները»,- հայտարարեց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով՝ գերագույն գլխավոր հրամանատարը պարտվել է ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական ճակատում։

«Այս կառավարությունը եւ մնացած բոլոր անձինք պետք է ամեն ինչի համար պատասխան տան։ Ժամանակն է։ Պետք է ստեղծվեն նոր հիմնավորումներ, նոր հնարավորություններ, որ կրճատվեն հնարավոր վտանգները, պետք է գտնել նոր լուծումներ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգացնելով։ Մենք պետք է լուծում գտնենք՝ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ անցկացնելով ճկուն քաղաքականություն։ Պարտված թիմը չի կարող դա անել»,- շեշտեց քաղաքական գործիչը։