Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը հերքում է մամուլում տեղ գտած լուրերն այն մասին, թե Սիրահարների այգում երիտասարդներին իրենց կողմից բաժանվող պահպանակները ժամկետանց են եւ օտար սպերմատազոիդներ են պարունակում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԽ-ի հայաստանյան գրասենյակի ՁԻԱՀ-ի կանխարգելման «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի համակարգող Կատերինա Վարդանյանը։
«Ասել, որ Սիրահարների այգում համերգների եւ ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված այլ ակցիաների ժամանակ երիտասարդներին բաժանված պահպանակները ժամկետանց են կամ առավել եւս՝ օտար սպերմատազոիդներ են պարունակում, իսկական բամբասանք է, նման հրապարակումներին արձագանքելն անգամ պատվից ցածր է։ Ուղղակի ինչ-որ մեկն ուզում է պախարակել, սեւացնել մեզ։ Նախ, այգում կազմակերպված միջոցառումների ժամանակ ոչ թե մեր աշխատակիցներ են պահպանակներ բաժանում, այլ դրանք դրված են լինում հատուկ ամաններում եւ ցանկացողներն իրենք են վերցնում պահպանակները։ Երկրորդ, հրապարակման մեջ նշված է, որ Կարմիր խաչի աշխատակիցներն իրենց մերձավորներին խորհուրդ չեն տալիս օգտվել բաժանվող պահպանակներից։ Կներեք, բայց ոչ ոք չի գալիս եւ մեր անկողինները ստուգում՝ օգտագործո՞ւմ ենք մենք այդ պահպանակներից, թե` ոչ»,- ասաց Կատերինա Վարդանյանը՝ միաժամանակ հավելելով, որ ԿԽ-ի, ինչպես նաեւ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների համար պահպանակները ձեռք են բերվում եւ տրամադրվում «Գլոբար ֆոնդ» ազգային ծրագրի շրջանակներում։
Նշենք, որ լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի Կարմիր խաչի իրականացրած «բարեգործական» ծրագրերի անվան տակ Սիրահարների այգում բաժանվող պահպանակները ժամկետանց են, եվ ոչ միայն: Պահպանակների խոնավացնող հավելումներն, իբր, պարունակում են օտար սպերմատազոիդներ, որոնք ներթափանցելով կնոջ օրգանիզմ, թողնում են գենետիկ հետք։ Բացի այդ, նշվում է, որ Կարմիր խաչի աշխատակիցներն իրենց մերձավորներին խորհուրդ չեն տալիս օգտվել բաժանվող պահպանակներից:



























