Գերմանիայի ոստիկանությունը երեք անձ է բերման ենթարկել, ովքեր կասկածվում են անցյալ տարվա նոյեմբերին Դրեզդենի Grünes Gewölbe («Կանաչ կամարներ») գանձարանի սենսացիոն կողոպուտի մեջ: Նրանք բոլորը Գերմանիայի քաղաքացիներ են, ում երեքշաբթի մեղադրանք կառաջադրվի գողության եւ հրկիզման համար: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, փոխանցում է BBC-ն:
Դրեզդենի Grünes Gewölbe գանձարանը, որտեղ պահվում է թանկարժեք ոսկերչական իրերի ամենամեծ հավաքածուն, թալանել էին անցյալ տարի: Դա ժամանակակից պատմության մեջ ոսկերչական իրերի ամենամեծ կողոպուտն էր:
Ոսկերչական արվեստի գողացված գլուխգործոցները դեռ չեն հայտնաբերվել: Դրեզդենի պետական թանգարանների ղեկավար Մարիոն Ակերմանը գողությունից հետո ասել է, որ «դրանց արժեքը չի կարող թվերով արտահայտվել»: Bild թերթը գողացվածը մեկ միլիարդ եվրո է գնահատել:
Ձերբակալություններին նախորդել են ոստիկանության ռեյդերը երեքշաբթի վաղ առավոտյան, որոնք ուղեկցվել են փողոցների փակմամբ, հիմնականում` Բեռլինի հարավային Նոյեքյոլն թաղամասում:
Ոստիկանության եւ դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ գործողությանը մասնակցում է 1638 սպա: Նրանք խուզարկել են 10 մասնավոր բնակարան եւ ութ ավտոմեքենա ու ավտոտնակ, առգրավել է համակարգիչներ, հագուստ եւ գործիքներ, որոնք որպես իրեղեն ապացույց կցված են գործին:





























