Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում սկսել է նախապատրաստվել Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը: Թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն այսօր, մայիսի 31-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:
– Ի ՞նչ եք ուզում ստանալ Հայաստանի եւ Կամերունի թիմերի հետ հանդիպումներին նախորդող մի քանի մարզումներից:
– Այստեղ կարեւոր է ոչ միայն մարզվելը, այլեւ ֆուտբոլիստների հետ հաղորդակցվելը: Անկասկած, շատ կարեւոր է տեսնել նրանց ֆիզիկական վիճակը, հասկանալ, թե ինչ մարզավիճակում է յուրաքանչյուրը: Առավել եւս, որ մեր հավաքականի բոլոր խաղացողները տարբեր մարզավիճակներ ունեն: Արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների մրցաշրջանն ավարտվել է, իսկ Ռուսաստանի առաջնության մասնակիցները դեռ շատ հանդիպումներ չեն անցկացրել:
– Ինչո ՞վ են տպավորություն թողել Ալեքսանդր Շեշուկովն ու Ալեքսանդ Ռյազանցեւը, որ դուք վերջին պահին նրանց հրավիրեցիք ազգային թիմ:
– Առաջին հերթին, ես ցանկանում էի փոփոխություն մտցնել մարզումային գործընթացում, որպեսզի մենք մարզվեին հավասար կազմերով` 11-11: Բայց նաեւ Շեշուկովն ու Ռյազանցեւը տպավորել են «Սպարտակում» եւ «Ռուբինում» անցկացրած խաղերով: Այժմ նրանք մարզումների ժամանակ պետք է ապացուցեն հավաքականում լինելու իրենց հավակնությունը:
– Ինչո ՞ւ նորեկներից ոչ մեկը չի կարողանում ամրապնդվել հիմնական կազմում:
– Ես կարծում եմ, որ նրանք պետք է ավելի բարձր մակարդակի խաղ ցուցադրեն իրենց ակումբներում:
– Ինչո ՞ւ եք որոշել հավաքն անցկացնել Մոսկվայում, այլ ոչ թե Սանկտ Պետերբուրգում, որտեղ կայանալու է Հայաստանի հետ հանդիպումը:
– Հայաստանի հետ հանդիպման նախապատրաստությունն իրականում սկսվել է դեռ երկու շաբաթ առաջ: Սկզբում մենք նախատեսել էինք հավաքն անցկացնել Սանկտ Պետերբուրգում: Մենք «Զենիթից» հարցում արեցինք քաղաքում առկա խաղադաշտերի վերաբերյալ եւ դրանցից ոչ մեկը մեզ չբավարարեց:
– Առաջիկա խաղում ի ՞նչ ֆուտբոլ է ցուցադրելու Ռուսաստանը:
– Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում եւ հուսով եմ, որ «Պետրովսկին» լեփլեցուն կլինի մեր երկրպագուներով: Ես հասկանում եմ անհաջող ընկերական խաղերի համար քննադատությունը եւ այն պետք է օգնի մեզ 100 տոկոսով խաղ ցուցադրել Հայաստանի հետ: Միեւնույն ժամանակ ես ոչ մի կշտամբանք չունեմ իմ ֆուտբոլիստներին Եվրո-2012-ի խաղերի համար: Ամեն խաղում մեր թիմը ձգտել է առավելագույնի եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղացել է ամբողջ ուժով: Բայց նաեւ մենք գիտենք, թե ինչի է պետք ձգտել:
– Ռուսաստանի հավաքականն ունի՞ իր դեմքը:
– Ընտրական մրցաշարի բոլոր հանդիպումներում մենք խաղացել ենք նույն մարտավարական սխեմայով: Եվ պարտվել ենք միայն մեկ խաղում, որի ժամանակ մեզ հաջողությունը չուղեկցեց: Եթե մենք լավ մարզավիճակում ենք, ապա ի վիճակի ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի: Սակայն եթե նայենք մեր ընկերական հանդիպումները, որոնց ժամանակ մեր ֆուտբոլիստները լավագույն ֆունկցիոնալ վիճակում չէին, ապա մեզ կարող է դիմադրություն ցույց տալ ցանկացած թիմ:




























