Նիկարագուայում առնվազն 6 մարդ է զոհվել ջրհեղեղների եւ սողանքների պատճառով, որ առաջացել են «Յոտա» մրրիկի պատճառով երկրի տարածքում սկսված տեղատարափ անձրեւների հետեւանքով։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, որը մեջբերել է La Prensa պարբերականը, երեքշաբթի տարերքին զոհ է գնացել 4 մարդ, եւս 2-ը՝ երկուշաբթի։ Մուրիլյոն հստակեցրել է, որ զոհվածների թվում 2 երեխա կա, որոնք խեղդվել են իրենց կացարանից ոչ հեռու հոսող հորդացած գետում։
«Վտանգը չի վերացել, մրրիկը հեռացել է (Նիկարագուայի) տարածքից, բայց անձրեւները շարունակվում են, փլուզումների եւ սողանքների սպառնալիքը մեծանում է»,- ասել է երկրի փոխնախագահը։ Նա նշել է, որ տարերքը «աղետալի վնաս» է հասցրել, որի ծավալները դեռեւս չեն որոշվել։ Վտանգավոր շրջաններից տարհանվել է 63 հազար մարդ, նրանք տեղակայված են ժամանակավոր ապաստարաններում։
Երկուշաբթի ուշ երեկոյան (Երեւանի ժամանակով երեքշաբթի առավոտյան) 4-րդ կարգի «Յոտա» մրրիկը հարվածել է Նիկարագուայի կարիբյան առափին։ Տարերքի հարվածը պատճառել է նյութական վնաս՝ առանց ջրա- եւ էլեկտրամատակարարման թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց։ Հոնդուրասի սահմանին մոտենալու ճանապարհին մրրիկը թուլացել է մինչեւ արեւադարձային փոթորկի մակարդակ։





























