Բեռլինում ոստիկանությունն այսօր ջրցան մեքենաներ է կիրառել կորոնավիրուսը ժխտողների զանգվածային ցույցի ժամանակ, հաղորդում է DW-ը:

Ոստիկանության գնահատմամբ՝ բողոքի ակցիայի է դուրս եկել 5-10 հազար մարդ, ընդ որում, ցուցարարների թիվն ավելանում է: Հասարակական կարգին հետեւում է 2000 ոստիկան: Իրավապահները ցուցարարներին կոչ են արել ցրվել հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով, քանի որ շատ մասնակիցներ պաշտպանիչ դիմակներ չեն կրում եւ հեռավարություն չեն պահպանում: Մասնակիցները, սակայն, չեն ցրվում: Ոստիկանությունը նրանց դեմ ջրցան մեքենաներ է կիրառել:

Գերմանիայի մայրաքաղաքում սահմանափակող միջոցների դեմ միագնամից մի քանի բողոքի ակցիա է հայտարավել: Դրանից ամենազանգվածայինը ծրագրվում է անցկացնել Բունդեսթագի շենքի մոտ ավելի քան 4000 մարդու մասնակցությամբ:

Բացի այդ, համացանցում մի շարք ակտիվիստներ կոչ են արել դուրս գալ փողոց առանց ոստիկանությանը նախապես ծանուցելու:

Բունդեսթագում քննարկվում է վարակիչ հիվանդություններից պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները, որոնք կոչված են ապահովելու բավարար իրավական հիմք պանդեմիայի ժամանակ սահմանափակող միջոցների սահմանման համար: