Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Երեւան-Չարենցավանի ճանապարհին ավտովթարի արդյունքում մահացել է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մելիք Գասպարյանը: Բացի Մելիք Գասպարյանից մեքենայում են եղել նաեւ վարորդը եւ եւս մեկ հոգի, որոնք վնասվածքներ են ստացել: Պատգամավորին տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, ուր 58-ամյա պատգամավորի կյանքը փրկել չի հաջողվել: Հիշեցնենք, որ 2001թվականին նրա նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել, պայթեցվել էր նրա մեքենան:
NEWS.am-ի հետ զրույցում, հանրապետական կուսակցության փոխնախա•ահ Գալուստ Սահակյանը հաստատեց այս տեղեկությունը, նշելով, որ ինքն էլ նոր է իմացել այդ մասին:
Մելիք Գասպարյանի կենսագրությունը
Ծնվել է 1951թ. հունվարի 2-ին Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղում։
1973թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Ինժեներ-հիդրոտեխնիկ։
1973-1978թթ. Վարդենիսի ոռոգման եւ ջրարբիացման սիստեմների վարչությունում աշխատել է ջրօգտագործման բաժնի պետ, 1978-1979թթ. «Հայպետկոմգյուղտեխնիկա» հանրապետական կոմիտեում՝ մատակարարման կազմակերպման վարչության ավագ ինժեներ, բաժնի վարիչ։ 1979-1980թթ. Վարդենիսի ժողովրդական վերահսկողության շրջանային կոմիտեում եղել է տեսուչ, պետի տեղակալ,
1980-1983թթ.՝ ՀԿԿ Վարդենիսի շրջկոմում կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1983-1984թթ.' Վարդենիսի երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանի տնօրեն, 1984-1994թթ.՝ Վարդենիսի ոռոգման եւ ջրարբիացման սիստեմների վարչության պետ, 1994-1996թթ.՝ Երեւանի «Հայջրշին» միավորման պետի տեղակալ, կոմերցիայի եւ տրանսպորտի վարչության պետ, 1996-1999թթ.՝ «Արարատ» ԼՏԸ-ի նախագահ։
1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 45 ընտրատարածք)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, ապա պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», 2001թ. հուլիսից՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ։ 2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։




























