Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային տալիս էր «այն ամենը, ինչ նա ուզում էր», բայց հիմա, երբ Թրամփը հեռանում է պաշտոնից, Պետդեպը «ակնարկում է, որ բավական է»,- Jerusalem Post-ում գրում է վերլուծաբան Սեթ Ջ. Ֆրանցմանը:
Վերլուծաբանի խոսքով՝ Թրամփը թույլ տվեց Թուրքիային 2018-ին ներխուժել Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջան, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, իսկ այնուհետեւ 2019-ին հարվածներ հասցնել ԱՄՆ-ի դաշնակից քրդական ուժերին Սիրիայի հյուսիս-արեւելքում:
Ֆրանցմանի կարծիքով՝ վերաբերմունքի վերջին փոփոխությունը կարող է փորձել սաբոտաժի ենթարկել տարածաշրջանում կայունություն հաստատելու նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետագա ջանքերը:
Ստամբուլ կատարած այցի ընթացքում թուրք պաշտոնյաների կողմից ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման մերժումը նույնպես նվաստացրեց Վաշինգտոնին:
Տարածաշրջանի յոթ երկրներ շրջագայության շրջանակներում Թուրքիայում գտնվելու ընթացքում Պոմպեոն Ստամբուլում հանդիպել է Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ, բայց ոչ պետական պաշտոնյաների: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ պետքարտուղարը հանդիպումներ է խնդրել, բայց Անկարան մերժել է:
Ամեն դեպքում, «Թուրքիայի դեմ կոշտ գործողություններ ձեռնարկելու Պոմպեոյի որոշումը կայացվել է մեկ տարի անց այն բանից, երբ սեփական վարչակազմը Սիրիայի հյուսիսում բացել էր սահմանը՝ թույլ տալով Թուրքիային հարձակվել Ամերիկայի դաշնակիցների վրա»: «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) մեծ կորուստներ էին ունեցել Թուրքիայի ներխուժման ընթացքում, իսկ խաղաղ բնակիչները, այդ թվում՝ քուրդ քաղաքական գործիչ Հեւրին Խալաֆը, «հետապնդվել եւ սպանվել էին Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի ծայրահեղականների կողմից»:
Վերլուծաբանը նշել է, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին ուղարկել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռվելու: Աֆրինից եւ Թել Աբյադից հետո Լեռնային Ղարաբաղը երրորդ տարածաշրջանն է, որտեղ Թուրքիան սիրիացի ծայրահեղականներին օգտագործեց էթնիկ զտումների համար:
Եթե ԱՄՆ-ը ցանկանում է գործ ունենալ Թուրքիայի հետ, ապա նրան անհրաժեշտ է փոխզիջումային համաձայնագրեր կնքել, այլ ոչ թե պարզապես տալ Անկարային այն, ինչ նա ուզում է, մինչդեռ Անկարան աշխատում է սաբոտաժի ենթարկել ԱՄՆ քաղաքականությունը եւ աշխատում է ահաբեկիչների հետ: Թուրքիային լուրջ վերաբերվելու Վաշինգտոնի դժկամությունը դրդել է երկրին ավելի անտեսել ԱՄՆ-ի շահերը:
Միացյալ Նահանգները նաեւ SDF-ին դիտարկում էին որպես ժամանակավոր եւ բիզնես գործընկերների՝ նրանց մղելով աշխատել Դամասկոսի եւ Մոսկվայի հետ՝ փորձելով հանդարտեցնել Թուրքիային: ԱՄՆ դիվանագետները նաեւ ներգրավված էին այն գործընթացում, որը հանգեցրեց քրդերի բացառմանը Սիրիայի ապագայի շուրջ բանակցություններից:
Իր հերթին, ասել է Ֆրանցմանը, Թուրքիան մի քանի առիթներով ցույց է տվել, որ Ռուսաստան-Իրանը նախընտրում է Միացյալ Նահանգներից, որքան էլ իրեն առավելություն տրվի Սիրիայում։





























