NEWS.am-ը ներկայացնում է Զիի Մերալի հոդվածը` հրապարակված լիբանանյան  «The Daily Star» պարբերականում:

Մի շարք դիտորդների կարծիքով, արաբական զարթոնքը պայթեցրեց թուրքական արտաքին քաղաքականության պղպջակը` բացահայտելով դրա իրական ընդգրկումն ու անհասունությունը:

Թեեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակեց հիացնել տարածաշրջանի արաբական հասարակություններին` հրապարակավ խնդրելով Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին հրաժարական տալ, բայց ավելի վաղ նա աջակցեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ լռություն պահպանեց Սիրիայում ու Բահրեյնում մարդու իրավունքների ավելի լուրջ խախտումների դեպքում:

Ինչ վերաբերում է Լիբիային, ապա Էրդողանը կտրականապես դեմ հանդես եկավ Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտությանը` փորձելով առանցքային դեր խաղալ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ բարձրացող միջազգային ալիքում: Էրդողանը կապեր էր փնտրում ապստամբների հետ եւ անհրաժեշտ համարեց Քադաֆիի հեռացումն իշխանությունից եւ երկրից: Դա հիասթափություն առաջացրեց Մերձավոր Արեւելքի փողոցներում, քանի որ Թուրքիայի վարքը հիշեցրեց գաղութային տերության վարք, որը համապատասխանում է միայն սեփական ազգային շահերին:

Ձախողվեց նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի թեւավոր դարձած «զրո խնդիր հարեւանների հետ» հայեցակարգը: Այն ոչ մի արդյունք չտվեց Հայաստան – Թուրքիա դիմակայությունում, այն նաեւ հանգուցալուծմանը չմոտեցրեց Կիպրոսի խնդիրը: Անդամակցությունը Եվրամիությանը նախկինի նման չափազանց մշուշոտ է: Թուրք-իսրայելական հարաբերությունները ռեկորդային ցածր մակարդակի վրա են եւ վերադարձ 1990-ականների համագործակցության մակարդակին գրեթե անհավանական է: Մոռացության են մատնվել Սիրիայի եւ Իսրայելի,  ՀԱՄԱՍ-ի եւ ՖԱԹՀ-ի միջեւ Թուրքիայի միջնորդական նախաձեռնությունները:

Քննադաները նշում են, որ Դավութօղլուն իր քաղաքականությունը մշակել էր ստատուս քվոյի պահպանման մեկնակետից եւ իր վիթխարի գաղափարները կյանքի կոչելու երազանքով առաջնորդվող միամիտ գիտնականը հանկարծակիի եկավ, երբ սկսվեց արաբական զարթոնքը:

Թեեւ այդ բոլոր դիտարկումներում կա ճշմարտության հատիկ, սակայն չափազանց վաղ է խոսել տարածաշրջանում Թուրքիայի տեղի եւ ազդեցության մայրամուտի մասին: Ճիշտ է` նոր թուրքական արտաքին քաղաքականության հիմքում վստահությունն էր, թե Մերձավոր Արեւելքը կլինի նախկինը, իսկ զարգացումները կընթանան շատ դանդաղ: Սակայն ոչ միայն Թուրքիան բախվեց անկանխատեսելիին: Ոչ ոք, այդ թվում արաբական առաջնորդները չէին կանխատեսել այսպիսի փոփոխություններ: Արագ փոփոխվող տարածաշրջանում Թուրքիան զգալի կորուստներ ունեցավ: Երբ թուրքական դրոշներ այրվեցին Լիբիայում, իսկ Հյուսիսային Կիպրոսի թուրքերը մեղադրանքներ հասցեագրեցին Թուրքիային եւ Էրդողանին, ապա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնյաները հասկացան, որ հնարավոր չէ միաժամանակ բոլորի պարը պարել: Անհրաժեշտ են որոշումներ, իսկ մեր աշխարհում «միշտ շահող տարբերակը» գլուխկոտրուկ է, որի մասին շատ են խոսում, բայց որը հազվադեպ են տեսնում:

Այդուամենայնիվ, Դավութօղլուն նախընտրելի մարդ է նոր դարաշրջանի բարդությունների միջով Թուրքիային ուղղորդելու համար: Նրա վերլուծական խորության ու հաշվենկատության շնորհիվ Թուրքիան արագ եւ լուռ փոխեց իր քաղաքականությունն իրաքյան Քուրդիստանի նկատմամբ եւ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունն ու Թուրքիան դարձան լավ գործընկերներ: Սունի Էրդողանը մտավ Իրաքի շիա սրբատեղի: Ոչ մի սունի մուսուլման առաջնորդ հրապարակայնորեն այդպիսի բան չի անում: Մինչ խորանում են հակասությունները սունի արաբական եւ շիա իրանական աշխարհների միջեւ, Թուրքիան մնում է միակ խաղացողը, որն ի վիճակի է աշխատել երկու կողմերի հետ էլ:   

Բոլոր անհաջողություններով հանդերձ, վերջին ամիսներին տարածաշրջանում թուրքական «մեղմ ուժը» շարունակում է շարժել եվրոպացի եւ ամերիկացի քաղաքական գործիչների նախանձը: Քանի որ Թուրքիայի արդյունավետությունը տարածաշրջանում գերազանցում է Եվրամիության եւ ԱՄՆ-ի արդյունավետությունը, այդ պատճառով Արեւմուտքը ձգտում է ամրապնդել հարաբերություններն Անկարայի հետ:

Թեեւ վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին Թուրքիայի տարածաշրջանային փոխգործակցության սահմանափակումները, սակայն այդ նույն իրադարձություններն ավելի ցայտուն դարձրին Թուրքիայի կենտրոնական տեղը այսքան խնդրահարույց տարածաշրջանում: Ազգային խորհրդարանակն ընտրություններից հետո Թուրքիայից կարելի է ակնկալել նոր համարձակ քայլեր: