Ստամբուլահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 18-րդ դատական նիստի ընթացքում նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Դինքի փաստաբանները դատարանին նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց մեջ են եղել նաեւ սպանության օրը կատարված տեսագրություններ։ Իսկ սպանությունը դրդող Յասին Հայալը նշել է, թե իրեն սպառնում են եւ պահանջել է անվտանգության ապահովում։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանում ընթացքող հերթական դատավարությանը կանչված վկա Էմսալ Չաքմաքը պատմել է, թե սպանության ժամանակ տեսել է 3 հոգու, սակայն չի կարողանում հիշել նրանց դեմքերը՝ նշելով միայն, որ մեկը գեր մարդ է եղել։ Վկան պնդել, որ ինքը դերձակ է եւ կտոր գնելու համար էր այդ օրը հայտնվել այդ տարածքում։

Դատական նիստին ներկա, սպանության գործով որպես դրդիչ անցնող Յասին Հայալը դատարանին հայտնել է, որ իրեն սպառնում են ոչնչացնել եւ պահանջել ապահովել իր անվտանգությունը։ Դատավորի այն հարցին, թե ո՞վ է իրեն սպառնում, Հայալը պատասխանել է, թե իր թաղամասի բնակչությունն անընդհատ իրեն սպառնում են, իսկ իր ընտանիքը մշտական ճնշման տակ է։

Դինքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը պահանջել, որ Յասին Հայալի ավագ եղբոր   կենսաչափական լուսանկարները տրամադրվի դատարանին։  Փաստաբանը պահանջել է նաեւ, որ սպանության տարածքում որոշակի ժամերին տեղի ունեցած հեռախոսային խոսակցություններ իրականացնողների ինքնությունը ներկայացվի դատարանին։ Ըստ Չեթինի՝ սպանության վայրում գտնվող բանկի անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերում հանելուկային կերպով բացակայում է սպանության ժամի տեսագրությունը։ «Այդ ամենը նկարահանվել է Սելիմ Քութմանի ծառայության ընթացքում։ Մենք կորած տեսագրության համար դատական հայց ենք ներկայացնում։ Սպանությունը իրագործած Օգյուն Սամասթը շատ վստահ ասում էր, որ կորած տեսագրություններն ու հանցակիցները ի հայտ չեն գա»,-ասել է Ֆեթհիյե Չեթինը։

Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը մերժել էր վկայի կարգավիճակով լսման կանչել Օգյուն Սամասթի հորը, ով հայտարարել էր, թե խոսել է Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցներից Նեջաթի Էքիջիի հետ, ինչպես նաեւ ասել է, որ Սամասթը մտերմություն է արել ժամդարմերիայի ինչ որ հրամանատարի հետ։ Այս անգամ դատարանը որոշում է կայացրել, որ Էքիջին  այդ ամենի մասին ցուցմունքներ տա Տրապիզոնի ծանր հանցագործությունների գծով հերթապահ դատարանում։

Դատարանը նաեւ մերժել է Էրհան Թունջելին եւ Յասին Հայալին ազատ արձակելու միջնորդությունները։