«Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի այն հայտարարությունը, թե ես սպառանալիք եմ ներկայացնում այդ երկրի անվտանգության համար,  հայ-վրացական հարաբերություններում երկպառակություն եմ սերմանում, բացատրության կարիք ունի»,- NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց կառավարող Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով` դեսպանը պետք է նաեւ պարզաբանի, թե  իր հատկապես որ գործողություններն են սպառնալիք ներկայացնում Վրաստանի ազգային անվտանգության համար, որոնք են երկպառակություն առաջացնում:

Պատգամավորն ընդգծեց, որ իր բոլոր հայտարարությունները վերաբերել են Սամցխե-Ջավախքին եւ թելադրվել են այնտեղ տիրող իրավիճակով: «Մենք բարձրացրել ենք Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի, դպրոցներում հայոց լեզվի դասավանդման խորացման եւ այլ հարցեր: Եթե այդ հարցերը լուծում գտնեին, մենք կդադարեինք դրանք բարձրացնել»,- նշել է պատգամավորը` ընդգծելով, որ այդ խնդիրներն արձանագրվել են նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության, Միջազգային ճգնաժամային խմբի`  Վրաստանին վերաբերող զեկույցներում:

«Եթե ես եւ իմ հայտարարությունները, Վրաստանի դեսպանի կարծիքով, անհավասատարկշիռ են, ապա անհավասարկշիռ են նաեւ վերոնշյալ զեկույցները»,- նկատեց Թորոսյանը:

Խոսելով Հայաստանի արտգործնախարարության այն հայտարարության մասին, որ Շ. Թորոսյանի հարցը քննարկվում է Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներում, պատգամավորը նկատեց.  «Եթե արտաքին քաղաքական գերատեսչությունը բոլոր պաշտոնական հանդիպումներում քննարկում է իմ հարցը, եւ դրանից հետո  նման հայտարարություն է հնչում դեսպանի կողմից, ապա պետք է արձանագրենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն գտնվում է ծանր իրավիճակում»:     

Նշենք, որ  Թենգիզ Շարմանաշվիլիին մայիսի 31-ին  մամլո ասուլիսում խոսելով Շ. Թորոսյանի` Վրաստան մուտքի արգելքի մասին, ասել էր. «Վրաստանը, ինչպես եւ Հայաստանն իրավունք ունեն ազգային եւ քաղաքական  անվտանգության նկատառումներով իրենց տարածք թույլ չտալ այս կամ այն անձի մուտքը եւ չբացատրել պատճառը: Եթե դուք ծանոթանաք հրապարակումների հետ, որոնք որեւէ ընդհանուր բան չունեն խոսքի ազատության հետ, բայց սրում են իրավիճակը, հասկանալի կլինի թե ինչու է նման որոշում կայացվել»,- նկատել էր դեսպանը` ընդգծելով, որ Թորոսյանը սրում է իրավիճակը երկու ժողովուրդների միջեւ:  «Թորոսյանի երբեմն անհավասարակշիռ հայտարարությունների գերազգայնականությունը թույլ չի տալիս նրան Վրաստանում ցանկալի հյուր համարել»,- հայտարարել է Թենգիզ Շարմանաշվիլին: