Տասնմեկ տարի առաջ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը մինչեւ 2010թ. երկարաձգել էր ապահովագրական այն ընկերությունների դեմ դատական հայցեր ներկայացնելու ժամկետը, որոնք փոխհատուցում չէին տրամադրել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, գրում է «Asbarez»-ը:

Վերջին տասնամյակի ընթացքում ամերիկահայերը հաջողությամբ դաշնային դատարաններ  հայցեր են ներկայացրել ապահովագրական «New York Life» եւ ֆրանսիական «AXA» ընկերությունների դեմ:

2010թ. դեկտեմբերի 31-ից հետո հայ համայնքը Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնին խնդրել էր երկարաձգել հայցերի ներկայացման ժամկետը, քանի որ ի հայտ էին եկել եւս մի քանի նոր ապահովագրական ընկերություններ, որոնք փոխհատուցում չէին վճարել իրենց  հաճախորդներին:

Օրենքի նոր նախագիծն ընդունվել է 2011թ. ապրիլի 14-ին` հայցադիմումների ներկայացման ժամկետը երկարաձգելով մինչեւ  2016 թ. դեկտեմբերի 31-ը: Կալիֆոռնիայի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի կողմից այն ընդունվել է ձայների 10:0, իսկ խորհրդարանի լիագումար նիստում` 61:0 հարաբերակցությամբ:

Փաստաթուղթը մայիսի  12-ին  փոխանցվել է Կալիֆոռնիայի սենատի իրավաբանական հանձնաժողով: Այնուհետեւ այն կուղարկվի Սենատի լիագումար նիստ եւ  հետո կներկայացվի նահանգապետին` վավերացնելու համար: