Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանն ավելի է հստակեցնում իր դիրքորոշումը: Թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններում ճգնաժամի մասին առայժմ խոսք լինել չի կարող, բայց Հայաստանն ինքն էլ հասկացել է, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում չէ:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, բայց միաժամանակ նշել. «Մենք թույլ չենք տա Թուրքիային օգտագործել բանակցային գործընթացը միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար»: Վերջին ամիսների ընթացքում սա Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հասցեին արված ամենակոշտ արտահայտությունն էր, որ արել էր հայաստանյան որեւէ պաշտոնյա:

NEWS.am-ի հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշման կոշտացման պատճառը, Վահրամ Տեր-Մաթեւոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ անցած ամիսների ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից արված հայտարարությունները սրեցին իրավիճակը, եւ Հայաստանը պարզապես այս դեպքում այլեւս չի կարող կրկնել իր այն միտքը, թե գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Մեր իշխանությունները հասկացան, որ ժամանակն այս պարագայում մեր օգտին չէ, եւ չենք կարող նստել եւ սպասել, թե ինչ են նախաձեռնելու թուրքական իշխանությունները, որովհետեւ բոլոր գործոնները ցույց են տալիս, որ հայ-թուրքական մերձեցման հակառակորդները կրկին ամրապնդել են իրենց դիրքերը Թուրքիայում»:

Թուրքագետի խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերություններում իրական փորձության փուլը հիմա է սկսվել: «Ճգնաժամի մասին որեւէ հիմք չկա խոսելու, բայց այն, որ մեր երկրի ղեկավարը, մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշակիորեն փորձում են ոչ թե կոշտացնել, այլ ավելի հստակ դարձնել Հայաստանի ու Սփյուռքի դիրքորոշումը, պետք է հավուր պատշաճի ուշադրության արժանանա թուրքերի կողմից»,- նշեց Վ. Տեր-Մաթեւոսյանը, իսկ դիտարկմանը, արդյո՞ք Հայաստանը սրբագրումներ է մտցնում իր արտաքին քաղաքականության մեջ, պատասխանեց. «Մեր քաղաքականության մեջ կոշտ մեթոդներ չկան: Կա ընդամենը ամենօրյա հետևողական ու համակարգային աշխատանք,: Ուղղակի մշտապես պետք է իրավիճակին եւ հանգամանքներին հարմարեցնես քո արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Ես ոչ մի սրբագրում չեմ տեսնում, պարզապես Հայաստանն ավելի հստակ է դարձնում իր քաղաքականությունը»:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանի կարծիքով՝ մինչեւ սեպտեմբեր հայ-թուրքական հարաբերություններում գործընթացը համեմատաբար ավելի հանգիստ կընթանա: «Սեպտեմբերի 2-րդ կեսից մինչեւ հոկտեմբեր նախատեսված խաղը որոշակի ակտիվցում կնկատվի, եւ շատ բան կախված կլինի, թե նախագահ Սարգսյանն ինչ դիրքորոշում կունենա Թուրքիա մեկնելու կապակցությամբ»,- ամփոփեց Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: