Բաքվի վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 8-ին երեք ամսվա ազատազրկման է դատապատել Ադրբեջանում հրատարակող «Նոտա» թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլիին եւ աշխատակից Ֆարամազ Ալլահվերդիեւին՝ զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «APA» գործակալությունը, լրագրողների դեմ քր.գործը հարուցել էր Ազատագրական շարժման ակտիվիստների միավորման ղեկավար Թահմասիվ Նովրուզովի հայցով: Բանն այն է, որ 2009թ. մարտ-ապրիլին թերթում հրապարկում էր եղել ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ, որոնց մասնակցել էր նաեւ Նովրուզովը:
Ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կայացվել էր դեռ հուլիսի 22-ին Բաքվի Նիզամիի շրջանային դատարանի կողմից: «Նոտա» թերթի մեկ այլ աշխատակից՝ Ռամիզ Տագիեւը դատապարտվել է 6-ամսյա ուղղիչ աշխատանքների:
Դատարանի վճռի կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտը, որն այդ քայլը որակել է որպես կոշտ եւ ուղղված քննադատող լրագրողներին սարսափեցնելուն: Կառույցը նշել է, թե 147 եւ 148 հոդվածներով լրագրողներին պատասխանատվության ենթարկելը հակասում է միջազգային օրենքներին, որի կողմնակիցն է համարվում նաեւ Ադրբեջանը: Ինստիտուտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հանդես գալ լրագրողների ազատության օգտին, զրպարտության եւ վիրավորանքի համար պատիժ նախատեսող իրավական հիմնադրույթները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:



























