Չորրորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի ընթացքում ՀՀԿ խմբակցությունը ներկայացրել է 22 օրինագիծ, դրանց ուղիղ կեսը, սակայն, համատեղ են մշակվել մյուս խմբակցությունների գործընկերների հետ: Սրանք «Բաց հասարակության» հիմնադրամի մոնիտորինգի տվյալներն են: Գարնանային նստաշրջանի ընթացքում այդ օրինագծերից ընդունվել է 15-ը, որոնցից միայն 3-ն են մշակվել հանրապետականների սեփական ուժերով:
«Բարգավաճ Հայաստանի» ուժերով 7 օրինագիծ է մշակվել, սակայն ԱԺ օրակարգում դեռեւս չընդգրկված եւս 35 օրինագծի տակ ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» պատգամավորների ստորագրությունների հետ կա նաեւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների ստորագրությունը: Խմբակցության ներկայացրած օրինագծերից ընդունվել է 6-ը, որոնք ստորագրվել են նաեւ ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» պատգամավորների կողմից:
Ակտիվությամբ է աչքի ընկել «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցությանը, որը մշակել է 25 օրինագիծ, որոնք գտնվում են նստաշրջանի օրակարգում: Եւս 32 օրինագիծ ստորագրված է նաեւ ՕԵԿ-ի պատգամավորների կողմից: Գարնանային նստաշրջանի ընթացքում ընդունվել է կուսակցության 3 նախագիծ:
ՀՅԴ խմբակցության պատգամավորները մասնակցել են 16 օրինագծի ստեղծմանը, որոնցից 10-ը մշակվել են խմբակցության սեփական ուժերով: Գարնանային նստաշրջանի ընթացում սակայն ընդունվել է ՀՅԴ-ի համահեղինակությամբ միայն 3 օրինագիծ: Կուսակցությունը մշակել է եւս 24 օրինագիծ, որոնք ընդգրկված են մեծ օրակարգում:
«Ժառանգություն» խմբակցությունն օրինաստեղծ աշխատանքով աչքի չի ընկել: Նրա ստորագրությամբ ընդունվել է միայն մեկ օրինագիծ, այն էլ համահեղինակությամբ: Սակայն գարնանային նստաշրջանի օրակարգում ներառվել է խմբակցության մշակած 4 օրինագիծ, եւս 6 օրինագիծ խմբակացության համահեղինակությամբ են: Խմբակցության նախաձեռնած վեց օրինագիծ էլ չի ընդգրկվել գարնանային նստաշրջանի օրակարգում:




























