Հայ-թուրքական սահմանի մերձակայքում հրաբխային միացությունների ու տեկտոնական խախտումների ոլորտում հետազոտություններ անցկացնող երկրաբանների խումբը հայտարարել է, թե չի կարող շարունակել իր աշխատանքները թուրքական հատվածում սահմանների փակ լինելու պատճառով: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriet թերթը:

«Գիտության համար փակ սահմաններ չկան, բայց այս պահին մենք ոչինչ չենք կարող անել»,- հայտարարել է խմբի ղեկավար, Հարավային Ֆլորիդայի երկրաբանության ամբիոնի վարիչ եւ պրոֆեսոր Չակ Կոննորը եւ հավելել. «Մենք չենք կարողանում շարունակել մեր հետազոտությունները ընդամենը մի քանի մետր այն կողմ՝ սահմանի հետ կապված խնդիրների պատճառով»:

Թերթը նշում է, որ Հայաստանում ինտենսիվ երկրաբանական հետազոտությունները սկսվել են 1988թ. կործանարար երկրաշարժից հետո, որ հազարավոր մարդկանց կյանքեր խլեց: Միջազգային փորձագետների հետ հետազոտություններն անցկացնում է Հայաստանի Գիտությունների ակադեմիան:

Կոննորի խոսքերով, «Հայաստանում տեկտոնական խախտումները տարածվում են մինչեւ Թուրքիայի տարածք: Տեկտոնական խախտումների մանրազնին ուսումնասիրությունը թույլ կտա ճշտել երկրաշաժերի վտանգի մակարդակը երկու երկրների համար: Բայց մեր հետազոտությունը առաջ չի գնում: Ճշգրիտ տվյալների համար մենք պետք է համեմատենք Հայաստանի տարածքի ուսումնասիրությունները Թուրքիայի տարածքում ստացված տվյալների հետ»:

Ինչ վերաբերում է խմբի մյուս անդամներին, երկրաբանների հիմնական կարծիքները հիմնականում հանգում են հետեւյալին. «Մենք չենք հասկանում այս իրավիճակը: Քսանմեկերորդ դարում սահմանների փակ լինելը տարօրինակ է: Խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»: