Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պետք է դատել Հաագայի միջազգային տրիբունալում` հակակառավարական բողոքի ցույցերը «դաժանաբար» ճնշելու համար: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Քեյվին Ռադը:

«Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար ճիշտ ժամանակն է նախագահ Ասադին հանձնել Միջազգային քրեական դատարանին»,- հայտարարել է նա, գրում է Gazeta.ru-ն:

Ռադի կարծիքով, հատուկ ծառայությունների կողմից 13-ամյա երեխային տանջանքների ենթարկելն ու սպանությունը զրկել են Ասադին որեւէ լեգիտիմությունից:

Սիրիայում 13-ամյա Համզա ալ-Հաթիբը դարձել է հակակառավարական ելույթների խորհրդանիշը, հաղորդում է BBC-ն: Ցուցարարները պնդում են, որ երեխային ձերբակալել են գաղտնի ծառայությունները: Նրանց տվյալներով, տղան մահացել է կտտանքներից, սակայն իշխանությունները պնդում է, որ նրան գնդակահարել են ցույցերից մեկի ժամանակ:

Պետական հեռուստատեսությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ասադը տղայի հարազատներին հրավիրել է հանդիպման եւ խոստացել հետաքննել հանցագործությունը: Ռադը այդ սպանությունը «դաժան արարք» է որակել եւ մեղադրել Ասադին սեփական քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մեջ:

Իրավապաշտպանների տվյալներով, բողոքի ակցիաները ցրելու ընթացքում մայիսի սկզբի դրությամբ զոհերի թիվը հասել է 800-ի: Ցուցարարների կարծիքով այդ թիվը հասնում է հազարի: