Այսօր՝ հոկտեմբերի 9-ին Հայ հեղափոխական դաշնակցությունն ու նրան միացած եւս 11 կուսակցություններ բողոքի երթ եւ հանրահավաք են անցկացնելու հայ-թուրքական նախաստորագրած արձանագրությունների դեմ:
Բողոքի երթը սկսվելու է ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակից՝ դեպի Հայաստանի նախագահի նստավայր, իսկ ժամը 19:00-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հանրահավաք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին 12 կուսակցություններ միասնական հայտարարություն ստորագրեցին՝ ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների: Հայտարարության տակ ստորագրել են ՀՅԴ, ՀՌԱԿ, «Նոր ժամանակներ», «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն (Տիգրան Կարապետյան), «Գոյամարտ» համազգային կուսակցություն, «Մայր հայրենիք», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Միավորված հայեր», «Ազգային միասնության ուխտ», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, եւ Հայ արիական միաբանությունը:
Նշենք, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխի համալսարանում:




























