ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի առաջարկը՝ Գաբալայում եւ Արմավիրում ռադիո-տեղորոշիչ կայանների համատեղ օգտագործման մասին: Այդ մասին Վաշինգտնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկողության եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Էլեն Տոշերը: Վերջինս, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նշել է, թե ԱՄՆ-ը շահագրգռված է տվյալ ռադարների համատեղ օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկով:

Տոշերի խոսքերով, բացի Մերձավոր Արեւելքից եկող վտանգներին համատեղ հետեւելուց, ԱՄՆ-ը կցանկանար "աշխատել Ռուսաստանի հետ նախազգուշացման մյուս ձեւերի շուրջ, նկատելով, որ թեեւ ամերիկյան կողմը հակահրթիռային պաշտպանության ոլորտում առաջընթացի եւ Ռուսաստանի հետ համագործակցության հույս ունի, սակայն «մտադիր չէ դա անել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերի հաշվին»:

Տոշերը նաեւ նշել է, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Մոսկվա է մեկնելու նաեւ գեներալ Պատրիկ Օ'Ռայլին՝ Պենտագոնի ՀՕՊ գործակալության ղեկավարը: Ինքը՝ Տոշերը հանդիպումներ կունենա Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանելու հոկտեմբերի 12-ին: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի հիմնական նպատակներից մեկը հենց հակահրթիռային պաշտպանության հարցի քննարկումն է: