Իշխանությունների հետ ընդդիմությունը պատրաստ է բանակցել միայն արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ։ Հունիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժաանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով բանակցելու պատրաստվող պատվիրակության կազմի թեմային, նախկին քաղբանտարկյալը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն այս հարցը դեռեւս չի քննարկել եւ դեռեւս պարզ չէ՝ ովքեր կմտնեն պատվիրակության կազմի մեջ։ «Միայն կարող եմ ասել, որ ես ինձ այդ պատվիրակության կազմում չեմ պատկերացնում»,- նկատեց Փաշինյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ ՀԱԿ-ն ընդունի հնարավոր առաջարկը եւ համաձայնի միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ չեղած բաների մասին չի կարող խոսել։ «Բայց ակնհայտ է, որ մենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները դիտարկում ենք մեկ ամբողջության մեջ»,- շեշտեց նա։

Պարզաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե երկխոսության ժամանակ հաշվի կառնվեն նաեւ իշխանության առաջարկները, Նիկոլ Փաշինյանը կիսահեգնական տոնով նկատեց, գոնե մինչեւ այժմ իշխանությունը չի առաջարկում ոչ մի բան, որը կօգնի լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները։ «Գուցե իշխանության մտքի տիտանների մոտ  նոր գաղափար առաջանա, որը մենք մինչ այժմ հաշվի չենք առել։. Բայց կարծում եմ, որ այս 3 տարիների ընթացքում իշխանություններն ապացուցեցին, որ ի վիճակի չեն երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից։ Իշխանությունը բոլոր ասպարեզներում գլխովին տապալվել է դեռ 2008-ից, այնպես որ, իշխանությունը ճգնաժամը հաղթահարելու ոչ տեսական, ոչ գործնական ռեսուրսներ չունի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։